

62 օր տեւած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը Թուրքիայի համար ավարտվեց Աֆրինը գրավելով, որն անվանում են նաեւ սիրիացի քրդերի մայրաքաղաք։
Միջազգային հանրության թողտվությամբ Թուրքիայի նախագահն արդեն սկսել է ԱՖրինի վերաբանակեցումը: Ինչպես հայաստանյան քրդերն են այսօր պնդել, Ձիթենու երկրում հաստատվում են տարբեր ազգության ԻՊ գորհայիններ, որոնք, ըստ քրդերի, տարածաշրջանի համար նոր վտանգներ են ստեղծելու:
Սակայն մինչ այդ, քրդական պարտիզանական ջոկատները հայտարարում են նոր պատերազմի վերսկսման մասին: Կմիավորվե՞ն արդյոք այս պայքարում տարածաշրջանի քրդերը՝ «Ռադիոլուր»-ը զրուցել է նաեւ Հյուսիային Քրդստանում բնակվող մեր հայրենակից Էդգար Աբրահամյանի հետ:
Աֆրինյան պատերազմը չի ավարտվել, դրա մասին հայտարարում են քրդերը եւ նշում՝ անմարդկային ձեւերով քուրդ ժողովրդին բնաջնջել ցանկացող Էրդողանն անպայման պետք է իր արժանի պատժիը ստանա: Ի՞նչ են պատրաստվում անել աֆրինյան քրդերը: «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Ժենյա Ամիրյանը հայտնում է՝ սկսվելու է պարտիզանական պայքար՝ Աֆրինը հետ գրավելու համար:
Ի՞նչ վիճակում է այսօր Աֆրինը։ Շատերը հասցրել են հեռանալ Աֆրինից ու հաստատվել Հալեպում, ինչպես նաեւ մոտ գյուղերում, իսկ ովքեր էլ որ մնացել են ձիթենյաց երկրում հեռախոսազրույցի միջոցով պատմում են, որ թուրքերը թալանում են քրդերի բնակարանները, մշակութային արժեքները ոչնչացնում, պատմում է Ժենյա Ամիրյանը:
Ստեղծված իրավիճակում քրդերը մեղավոր են համարում, իրենց իսկ խոսքով, «խուլ ու համր» գերտերություններին, ինչպես նաեւ հենց քրդերին: Հայաստանի քրդերի միության նախագահ Կնյազ Հասանովը ստեղծված իրավիճակի պատճառ նշում է միասնական գործելաոճի բացակայությունը:
Քրդերը լիահույս են, որ տարբեր տարածաշրջաններում բնակվող քրդերը մի օր անպայման կմիավորվեն, սակայն Հյուսիսային Իրաքում բնակվող Էդգար Աբրահամյանը կասկածում է։ Իրաքի քրդական իշխանություններն այսօր ֆինանսատնտեսական այնպիսի սերտ կապերի մեջ են Անկարայի հետ, որ դժվար թե անձնական շահը վեր դասվի ազգային շահից:
«Այդպիսի հրաշք չեն կարող գործել, քանի որ Իրաքի Հյուսիսային շրջանի կառավարությունը ավելի շատ բարեկամ է թուրքերե հետ, քան Աֆրինի փեշմարգայի հետ: Թուրքիայի քրդերն էլ որեւէ արձագանք չտվեցին: Բոլորն էլ թալանելու մասին են մտածում, ազգությունը, քրդությունը այլեւս չի մանցել, մանավանդ մեր մոտի պետության մոտ»:
Աֆրինյան զարգացումներին չեն արձագանքել նաեւ Հյուսիսային Քրդստանի ԶԼՄ- ները, միայն մի քանի տողով գրել են, որ թուրքերը մտել են Աֆրին։ Էդգարը նշում է, որ միայն հասարակ քրդերն են իրար մեջ խոսում, որ Աֆրինում քրդերին կոտորում են։




