Մշակույթ

Պոեզիան ծնվում է ներքին ընդվզումից

«Գրանիշ գրական համայնքի» նախաձեռնությամբ ու մշակույթի նախարարության աջակցությամբ մարտի 21-ին «The Club»-ում նշեցին Պոեզիայի համաշխարհային օրը: Ծրագրի՝ ընդունված կարծրատիպերից դուրս, փորձարարական ձևաչափը ներկաներին հնարավորություն է տվել  շուրջ երկու ժամ մասնակիցը դառնալու պոեզիայի ու երաժշտության «երկխոսությանը»: «Ռադիոլուրն» այնտեղ էր ոչ միայն այդ «երկխոսությունը» վայելելու նպատակով, այլև միջոցառմանը ներկա  ժամանակակից հայ պոետներին ուղվված մի քանի հարցադրումներով: 

 

«Այս օրը ևս մեկ հնարավորություն է անդրադառնալու արվեստի մի ճյուղի, որն ունի հատուկ փայփայանքի, ինչ-որ առումով նաև պաշտպանության ու հոգատարության կարիք»: Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր -Վարդանյանի խոսքով, թերևս հենց դա է պատճառը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ այսօր գոյություն ունի Պոեզիայի համաշխարհային օր՝ ի տարբերություն գրականության մյուս ժանրերի:

Իսկ ինչպիսի՞ն է ժամանակակից հայ պոեզիան, ի՞նչ լեզվով է խոսում ընթերցողի հետ, ի վերջո՝ կարողանու՞մ է «խոսել» ու լսելի լինել։ Հարցադրումներին ի պատասխան, բանաստեղծ Հուսիկ Արան նախ նկատում է. «Հայ գրողն այսօր ազատ է թղթի առաջ, ստեղծում է այն, ինչ ցանկանում է»:

«Ինչպես պոեզիան, այնպես էլ արձակը, ամբողջությամբ արտացոլում են մեր կյանքը՝ եղած գեղեցիկն ու տագնապները: Քանի դեռ մարդը հոգի ունի, նա կարդում է պոեզիա: Հաճախ ենք հանդիպում՝ ընթերցասիրությամբ ու գիտելիքներով առանձնապես չփայլող երիտասարդը, երբ SMS հաղորդագրություն է ուղարկում սիրած աղջկան, անկախ իրենից չափածո է գրում: Դա մարդու հոգևոր ներաշխարհի դրսևորումն է»:

«Լավ պոեզիա այսօր էլ ստեղծվում է, բայց չկա հարթակը այն ներկայացնելու: Ժամանակին Պարույր Սևակի 60 հազար տպաքանակը մեկ օրում սպառվում էր: Այսօր 2 հազար օրինակ Չարենց է տպագրվում, 500-ը վաճառվում է և վերջ: Համացանցում կարդում են, բայց գրքի «արվեստն» ուրիշ է»,-ասում է բանաստեղծը:
Հուսիկ Արայի բանաստեղծական անկեղծ պոռթկումներից մեկը վերջերս խիստ քննարդատության արժանացավ ֆեյսբուքյան հարթակում, ինչը, նրա մեկնաբանմամբ, վկայությունն էր այն բանի, որ գեղարվեստական խոսքը կարող է ցնցում առաջացնել: Ինչպես բոլոր ժամանակներում, այսօր էլ խոսքն իր աստվածային զորությունը չի կորցրել: Այդուհանդերձ, պոետը նաև նկատում է. «Պոեզիան ոչ միայն ստեղծում են ընտրյալները, այլև կարդում են ընտրյալները»:

«Խառը, ցաքուցրիվ». ժամանակակից հայ պոեզիայի բնորոշումն է ըստ բանաստեղծ Վահե Արսենի: Իսկ պոեզիայի բնորոշումն ընդհանրապես հետևյալն է.
«Պոեզիան շատ «ինտիմ» բան է, հռետորական, խիստ բևեռացված մի երևույթ: Դա տարբեր, երբեմն ծայրահեղ բևեռների միավորում է: Պոեզիան ծնվում է բառերի «անհնարինությունից» և ներքին ընդվզումից: Աշխարհում այն այսօր պահանջարկ չունի՝ մեդիաճնշման, անհեթեթ լրահոսի ու բամբասանքի «շնորհիվ»:

 

«Պոեզիան այսօր ամբողջ աշխարհում ընկալվում է իբրև «մեռնող» ժանր: Բայց բանաստեղծությունը չի մեռնում, նա շարունակում է ապրել, որովհետև բանաստեղծության շարունակվող կյանքը դա լեզվի շարունակվող կյանքն է ու նրա «տրանսֆորմացիաները»՝ երբեմն առողջ, երբեմն՝ անառողջ: Լավ պոեզիան պետք է այստեղ և հիմա ապրող մարդուն՝ իբրև իր ապրած ժամանակի ձևակերպում, երբեմն իբրև հիվանդության պատմություն, ապրած ժամանակից գլուխ հանելու միջոց»:

Բանաստեղծ Կարեն Անտաշյանը նաև հավելում է, որ ժամանակակից հայ գրականությունն այսօր լուրջ խնդիրների է բախվում հատկապես հանրային ընկալման առումով: Խնդիրը հիմնականում նախապաշարումներն են ու կրթական համակարգի բացթողումները:

«Կրթական համակարգում ներմուծվող պաթետիկ պոեզիան երբեմն զզվանք ու հակակրանք առաջացնում երեխաների մեջ, մինչդեռ լավ պոեզիան ավելի կենսունակ ու կյանք տվող մի բան է, շատ ավելին, քան սոցիալական ու քարոզչական մնացած բոլոր միջոցներից մարդկանց գլխին թափվող լեզուն:

Իր հիացմունքը նաև մեր օրերում ծնվող պոեզիայի հանդեպ արտահայտելու համար մաեստրո Տիգրան Մանսուրյանը՝ հենց տեղում, «իմպրովիզ» տարբերակով և իր իսկ կատարմամբ, երգի վերածեց երիտասարդ բանաստեղծ Կարեն Անտաշյանի ստեղծագործություններից մեկը: Իսկ բանաստեղծական սիրելի տողերը, որոնք Մաեստրոյին «այցելում» տրամադրության որոշակի պահերին, սրանք են՝

«Հիմա ես այնպես հոգնած եմ ու լուռ,
Դու հավերժ կերգես, հայրենի աղբյուր…»

«Ես հայոց լեզվի զավակն եմ, իսկ այդ լեզվի ամենաշքեղ արտահայտությունը հայ բանաստեղծությունն է՝ ամենավաղ շրջանից մինչ այսօր ստեղծվող բանաստեղծական խոսքը»,-ասում է Մաեստրոն:

Կարդացեք նաև

Back to top button