

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության՝ «Ռադիոլուրին» փոխանցած տվյալներով՝ հանքարդյունաբերությունը ՀՆԱ-ի մեջ ավելացված արժեքով 3,1 տոկոսն է կազմում: Շա՞տ է սա, թե քիչ՝ կարծիքները տարբեր են:
Բնությո՞ւն, թե աշխատատե՞ղ, Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված բնակավայրում տեղացիները կարևորում են բնության պահպանությունը: Խոշորացված այս բնակավայրի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակվել է հաղորդագրություն։
«Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն դադարեցնում է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի և Շնող, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները»:
Ալավերդիի քաղաքապետ Սասուն Խեչումյանից այսօր փորձեցինք պարզել՝ եթե նոյեմբերյանցիները չընդվզեին, արդյո՞ ք իր ղեկավարած համայնքում բնակիչները կողմ կլինեին:
«Դե նաեւ աշխատետղեր են ստեղծվում , բայցեւ բնապահպանական խնդիրներ են առաջացնում»:
Վերջին մի քանի ամսվա ընթացքում նման ևս մեկ ընդվզում նաև Լոռու մարզում տեղի ունեցավ: Այս անգամ դեմ էին մարզի Արդվի գյուղի բնակիչները Շեկաղբյուրի հանքավայրի շահագործման ծրագրին: Արդյունքում՝ լսումները կրկին տապալվեցին: Կա՞ նորություն, թե՞ ոչ՝ այսօր հարցրեցինք Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին:
«Նոր բան չկա, բնակչությունը դեմ կանգնեց, չուզեց»:
Լոռու մարզի ամենամեծ հանքարդյունաբերական ընկերությունը ՝ Թեղուտի հանքավայրը չի շահագործվում: «Վալլեքս գրուպ» ընկերության խնդիրներին «Ռադիոլուրը» մի քանի անգամ արդեն անդրադարձել է: Հենց այդ ընթացքում էլ զրուցել էինք Շնող խոշորացված բնակավայրի ղեկավար Դավիթ Ղումաշյանի հետ: Նա մի քանի անգամ պնդում էր, որ գործարանը խնդիրներ չունի, աշխատում է:
Այսօր արդեն համայնքի ղեկավարն ինքն է խոսում աշխատատեղերի կրճատումներից՝ իհարկե ոչ պաշտոնական տվյալները փոխանցելով ու հույս հայտնում, որ մի քանի ամիս անց գործարանը կվերագործարկվի:
«Ժամանակավոր փակվել է»:
Արդյո՞ք հատված անտառները, բնությանը հասցված վնասներն ու խոստացված ներդրումները համարժեք էին՝ հարցնում եմ Շնողի ղեկավարին:
«Ընկերությունը շարունակ ներդրումներ կատարում է»:
Զրուցակիցս ընդգծում է՝ Թեղուտ ընկերությունից խոստացել են շարունակել սոցիալական ներդրումները:
Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանին հարցնում եմ՝ արդյո՞ ք Լոռու և Տավուշի մարզերում բնակչության ընդվզումը Թեղուտով է պայմանավորված:
«Ակնհայտորեն, վերջին մի քանի տարվա իրազեկման արդյունքում բնակիչները սկսել են ավելի ուշադիր լինել էկոլոգիական խնդիրների նկատմամբ»:
Աշխարհագրագետը հիշեցնում է՝ տարիներ շարունակ իրենք բարձրաձայնում էին Թեղուտի խնդիրների մասին: Տնտեսական ու զարգացման նախարարությունից «Ռադիոլուրին» փոխանցեցին ՝ հանքարդյունաբերությունը ՀՆԱ-ի մեջ ավելացված արժեքով 3,1 տոկոսն է կազմում: Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման, ինչպես նաև հիմնային մետաղների արտադրության ոլորտներում աշխատում է 12 հազարից ավելի մարդ (12251 մարդ): Ոլորտի աճն անցած տարի կազմել է 6 %: Լևոն Գալստյանը նշում է՝ այս տարիներին ոլորտում ստեղծվել է շուրջ 10 հազար աշխատատեղ:
Զրուցակիցս ընդգծում է՝ հանքարդյունաբերության զարգացումը բավարար կլիներ, եթե կազմեր ՀՆԱ-ի 10 և ավելի տոկոսը: «Եղածը բավարար է, նոր հանքեր Հայաստանին պետք չեն»,- եզրափակում է բնապահպանը:




