

Կառավարությունն առաջիկայում խորհրդարանին առաջարկելու է քննարկել սահմանադրական օրենքի փոփոխություն: Իշխանությունը կրկին փոփոխում է ԸՕ-ն:
Սկզբունքային դիրքորոշում է այս հարցում ընդունել «Ծառուկյան» խմբակցությունը: Փորձենք պարզել, թե ինչն է այս անգամ փոփոխության պատճառը եւ ինչ է այս քայլով հետապնդում կառավարությունը:
Պարզվում է, իրականում իշխանությունը մտահոգվել է տարբեր ընտրություններից հետո միջազգային կառույցների գնահատականներում առկա որոշ ձեւակերպումներից: Կառավարությունը համապատասխան հետեւություններ արել է եւ ԱԺ առաջիկա լիագումար նիստում փոփոխություններ է ներկայացնելու ԸՕ-ում եւ կից փաթեթում:
Փորձում են սահմանափակել վարչական ռեսուրսի օգտագործումը նախընտրական քարոզչության ժամանակ: Հիմնավորումներ ունեն եւ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, եւ ԱԺ պետաիրավական, մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:
Օրենքի ուշադրության կենտրոնում հանրային ծառայողներն են: Արգելվում է ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային եւ կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսներն օգտագործել նախընտրական քարոզչության շրջանում:
Արգելքը տարածվում է նույնիսկ այն ընկերությունների վրա, որտեղ կանոնադրական կապիտալի 20 տոկոսն անգամ պետական է: Խիստ արգելքի տակ հայտվել է հետեւյալ խումբը:
Օրենքով նախատեսված արգելքները խախտելու համար տուգանք է նախատեսվել մինչեւ 400 հազար դրամ: Հայկական ավանդական ընտրություններում, սակայն, վարչական ռեսուրսի օգտագործումից ոչ պակաս խնդրահարույց է ընտրակաշառքի խնդիրը:
Սա լուծվում է նախագծին կից ներկայացված փաթեթով: Քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով՝ ընտրակաշառքի միջնորդությանը պատժվելու է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 700-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:
Առաջին հայացքից այս լուծումները, սակայն, իրական եւ ամբողջական չեն համարում «Ծառուկյան» խմբակցությունում: Այստեղ կողմ են նախագծի էությանը եւ հարցն առաջիկա նիստում քննարկելուն, բայց պնդում են՝ առաջարկվել են «կիսալուծումներ»:
Ուսուցիչների քարոզչությունը նախկինում էլ կարգավորվում էր եւ արգելվում աշխատանքային ժամերին: Պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Գեւորգ Կոստանյանը հստակեցնում է՝ այդ խումբ աշխատողների մասով նույնպես էական փոփոխություն է մտցվել նախագծում:
Այսպիսի նախագիծը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների սրտով էր: Ուսուցիչներին եւ բուժաշխատողներին օրենքի դաշտ բերելու խնդիրը, միեւնույնն է, «Ծառուկյան» խմբակցությունը համարում է սկզբունքային եւ դրանով է բացատրում իր պատգամավորների «ձեռնպահ» դիրքորոշումը:




