

Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցն այսօր քննարկվել է Կովկասի ինստիտուտի կազմակերպած՝ «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» միջազգային գիտաժողովի ժամանակ, որի ընթացքում Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը հստակեցրել է, որ Մեծ Բրիտանիան սատարում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ-ի ջանքերը:
«Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վալն էլ իր խոսքում նշել է, որ աշխարհում այսօր մոդայիկ է դարձել տարածքային ամբողջականության շեշտադրումը, ինչից վարակվել է նաև Ադրբեջանը:
Մեծ Բրիտանիան վճռականորեն օժանդակում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ ջանքերին՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա. ևս մեկ անգամ հստակեցնում է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը հնարավորություն կտա հասարակության եւ որոշում կայացնողների միջեւ խաղաղությանը նպաստող ճանապարհների շուրջ քննարկում ծավալել:
«Մենք վճռականորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Մադրիդյան սկզբունքների հիման վրա Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն էլ նկատեց, որ Բաքվից բարձր մակարդակով հնչող հայատյաց հայտարարություններն ավելի մուգ երանգներ են ստանում։ Դրա վառ օրինակը Ալիևի վերջին հայտարարությունն էր, թե իբր Երևանը, Զանգեզուրը իրենց պատմական հողերն են և դրանք պետք է վերադարձնել:
Նման հայտարարությունները, ըստ քաղաքագետի, ցույց են տալիս, որ այլևս չունենք խաղաղությանը միտված բանակցությունների հնարավորություն հակառակորդի հետ և նման պայմաններում գերակշռող է դառնում հայ հասարակության մոտ «ոչ մի թիզ հող» ձևակերպումը.
«Հաշվի առնելով Արցախի չճանաչված լինելու հանգամանքը ՝ ժամանակ առ ժամանակ կլինեն միջադեպեր, տարբեր աստիճանի սրացումներ: Հիմքեր չկան ակնկալելու, թե իրավիճակը կփոխվի: Առաջին հերթին պետք է դադարեցնել ատելության խոսքը։ Հիմա իհարկե դժվար, թե դրան հնարավոր լինի հասնել, բայց պետք է աշխատել այդ ուղղությամբ։ Առնվազն պետք է Բաքվի դեմ ճնշումներ ակնկալել ՄԽ կողմից»:
Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Նիլ Մաքֆարլեյն էլ, խոսելով հետխորհրդային երկրներում առաջացած հակամարտությունների մասին, կարծիք հայտնեց, որ առաջացած հակամարտությունների պատճառն այն էր, որ այդ երկրները դուրս գալով Խորհրդային Միությունից, փորձ չունեին հակամարտությունները խաղաղ կարգավորելու։ Ավելին՝ հակված էին բռնության դիմել: Նրա խոսքով՝ «ոչ մի թիզ հող» ձևակերպումը նշանակում է՝ չկա բաժանելու որևէ բան: Սակայն այն, ինչ չբաժանվող է, կարող է սակարկելի լինել՝ ասաց:

«Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալն էլ իր խոսքում նկատեց, որ աշխարհում այսօր կարծես մոդայիկ է դարձել տարածքային ամբողջականության շեշտադրումը, դրանից վարակվել է նաև Ադրբեջանը, դա հետղրիմյան երևույթ է՝ ասաց: Եվ այս մոդա դարձած երևույթի մասին խոսելը սպասողական վիճակ է ստեղծել: Նրա խոսքով սակայն կանսենսուս կա ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի, Եվրոպայի ու ԱՄՆ միջև.
«Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում կոնսենսուս կա Ռուսաստանի, Եվրոպայի ու ԱՄՆ—ների միջև, իհարկե ոչ 100 տոկոս, բայց բավականին ուժեղ: Տարակարծություններ չկան»:
Թոմաս Դե Վաալի խոսքով՝ երկու կողմերն էլ կարծում են, որ պատերազմ է լինելու: Սակայն միջազգային դիվանագիտական կարծիքում համոզմունք կա, որ պետք է որոշակի տեղեկատվական պատերազմ մղել և հաղթել՝ ասաց:




