

Արցախի նախագահի Վաշինգտոն այցը հարուցել է Բաքվի զայրույթը։ Ադրբեջանը, որը փորձում է հետապնդել Արցախ այցելող ցանկացած մարդու, բնական է, որ պետք է պաշտոնական բողոք հայտներ։
Սակայն սա որեւէ կերպ չի մթագնել Բակո Սահակյանի ամերիկյան այցը, որը եւս մեկ հնարավորություն է Արցախի միջազգային ճանաչման հարցում։
Շատ կարևոր է Արցախի տեսակետը ներկայացնել միջազգային հարթակներում, առավել ևս երբ դա ԱՄՆ Կոնգրեսն է. ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը, անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի Վաշինգտոն այցին, նշեց, որ զուտ այդ փաստն արդեն արժանի է գովասանքի: Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն առիթ էր դարձել, որպեսզի Բաքուն բողոքի նոտա հղի ԱՄՆ- ին:
Բողոքի նոտան հանձնվել էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային:
Այդ նոտան որևէ ազդեցություն չի կարող ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, քանի որ ԱՄՆ հասկացրել է՝ Բաքուն իրավունք չունի միջամտելու, քանի որ ԱՄՆ որպես համանախագահող երկիր, իր խնդիրն է իրականացնում և շարունակելու է իր քաղաքականությունը հակամարտության կարգավորման գործում: Սա նշանակում է, որ . «Արցախին փորձում են բերել բանակցային սեղանի շուրջ ոչ պաշտոնական մակարդակով»:
ԱՄՆ պետքարտուղարի փոփոխությունը, ըստ ադրբեջանագետի, որևէ փոփոխություն չի մտցնի ամերիկյան քաղաքականության մեջ, թեև նոր պետքարտուղար Մայք Պոմպեոն ավելի կոշտ դիրքորոշում ունի և կոշտ ու զսպողի դիրքերում է Թուրքիային վերաբերող հարցերում՝ նկատեց Աշոտ Մովսիսյանը:
Արցախցի քաղաքագետ Հրաչյա Հարությունյանը Բակո Սահակյանի ԱՄՆ այցը նոր հնարավորություն է համարում. «Սա նոր հնարավորություն է»:
Ըստ քաղաքագետի՝ ԱՄՆ ցանկացավ լսել Արցախին նախագահին։ Նա դժվարանում է նշել, թե որոնք են նման ցանկության պատճառները, սակայն ամեն դեպքում բնական է համարում, որ ԱՄՆ այստեղ ունի իր շահերը:
Եվ Բակո Սահակյանի ԱՄՆ այցի օրերին Գլենդեյլում հայտնվել է Արցախի փողոց։ Քաղաքային խորհուրդը միաձայն որոշել է Մերիլենդ պողոտան վերանվանվել Արցախի:




