Տնտեսական

Գերակատարված խոստումներ՝ չնկատվող դրական քայլերով


7,5 տոկոս տնտեսական, բայց ոչ ներառական  աճ: Ավելի պարզ՝ ցուցանիշերը հուսադրող են, սակայն քաղաքացիներն իրենց մաշկի վրա այն չեն զգում:

Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնակալության օրը հրաժարականի պատրաստվող Կարեն Կարապետյանի կառավարությունը,  տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով, ֆորմալ առումով խոստումները գերակատարել է:

Սակայն, ըստ նրա, նկատելի դրական քայլերը համակարգային չեն:

 

Կարեն Կարապետյանի կաբինետը վերջին տարիների միակ կառավարությունն էր, որը խոստացվածից ավելի տնտեսական աճ ապահովեց. 2017 թվականը 3,2 տոկոսի փոխարեն փակելով 7,5 տոկոսով: Ցուցանիշերով ամեն ինչ հաջողված է։ Ավելին, տնտեսագետ, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»-ի  նախագահ Արտակ Մանուկյանի խոսքով, այս կառավարությունը գերակատարեց խոստումները:

«Սա, սակայն, այսբերգի միայն մեկ գագաթն է, քանի որ գաղտնիք չենք բացահայտի, եթե ասենք, որ Հայաստանի գլխավոր մարտահրավերները համակարգային խնդիրներն են՝ կոռուպցիա, մոնոպոլիաներ։ Երկրորդ մարտահրավերը, որ Հայաստանի գլխին կախված է դամոկլյան սրի նման, աղքատության հաղթահարումն է, մարզային անհամաչափ զարգացվածությունը»։

Հայաստանում ՀՆԱ-ի մոտ 60 տոկոսը  ստեղծվում է Երևանում: Սրա մասին նաև իրենք՝ պաշտոնյաներն են  բարձրաձայնում: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մտահոգված է.

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը թվային տվյալներով է մտահոգությունները  ներկայացնում: Նշում է՝ բնակչության 33 տոկոսը Երեւանում է, սակայն այստեղ գեներացվում է եկամուտների 80 տոկոսը:

Զրուցակիցս  վստահ է՝ անհամաչափ բևեռացվածության խնդրի լուծում կարող է կրթությունը լինել:  Սակայն այստեղ էլ պատկերը մխիթարական չէ: Հայաստանում համապատասխան տարիքի երեխաների 2/3-ից ավելին ՆԴՀ չի հաճախում, գյուղական համայնքներում նախադպրոցական հաստատություններ չի հաճախում երեխաների շուրջ 83%-ը:

Մարզերում էլ, ինչպես Երևանում, քաղաքացիները տնտեսական աճի դրական միտումները գրեթե չեն նկատում:

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի  նախագահ Արտակ Մանուկյանը  նաև ընդգծում է՝  7,5 տոկոս տնտեսական աճի հիմքում իրականում  ՌԴ գնողունակ պահանջարկի ավելացումն էր, պղնձի գների բարձրացումն ու ծառայությունների  ոլորտի  աճը: Արտաքին դրական միջավայրը էական դերակատարում ունի տնտեսական աճի վրա:

«Խոսում էին ներդրումների ներգրավումից որպես կառավարության արդյունավետության չափման միավոր: Այստեղ տեսնում ենք, որ ինչ որ առումով ցուցանիշերը լղոզեցինք։ Ցավոք, դրական փոփոխություններ չենք տեսնում, որ կբերեն ներդրումներ»:

«Ներքին պահանջարկի վրա հիմնված տնտեսություն, որի ռեսուրսները, ցավոք, մարում են, քանի որ աստիճանաբար մարում է այդ ռեսուրսի հիմքը՝ մարդը»,- Հայաստանի տնտեսությունն այսպես է բնութագրում տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Նա որոշակի դրական միտումներ նկատում է, սակայն նշում է, որ   Հայաստանի հիմնական խնդիրները ոչ թե կոսմետիկ փոփոխություններով կլուծվեն, այլ՝ համակարգային: Այստեղ է, որ կառավարությունը հույս տվեց,  սակայն դրանք ամբողջովին չարդարացվեցին:

Կարդացեք նաև

Back to top button