Հասարակություն

Ինչո՞ւ Երեւանի քաղաքապետարանում «Երկիր Ծիրանիի» կանայք նվեր չստացան


Երևանի ավագանիում անգամ տոնական օրերը խաղաղ ու ջերմ չեն անցնում: Քաղաքապետը նվեր-քարտերով շնորհավորել է ավագանու և աշխատակազմի 17 կանանց:

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին նվերներ չի հասել, խմբակցությունից ասում են հատուկ է դա արվել, քաղաքապետարանից վստահեցնում են՝ նվերներ նախատեսել են, բայց խմբակցության անդամները նվերները հանձնելու պահին իրենց աշխատասենյակներում չեն եղել:

 

 

Մարտի 8-ի կապակցությամբ բացիկներ ու 20 հազարական դրամ նվեր-քարտեր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից քաղաքապետարանի աշխատակազմի և ավագանու անդամ բոլոր կանանց: Բոլոր, բացի  ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներից:

Խմբակցության անդամները վստահեցնում են, որ քաղաքապետի նվերներից իրենց բաժին չի հասել։ Եթե անգամ հասներ, նվերները չէինք ընդունի, ասում է «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Նրանք ով են, որ մեզ նվեր տան, եթե տային էլ մենք չէինք վերցնի: Նախ դա իրենց գրպանից չի եղել»:

Քաղաքապետարանից պատասխանում են՝ խմբակցության անդամները տեղում չեն եղել, երբ բաժանվել են նվերները: Ինչպես կարող էր միտում լինել, եթե «Երկիր Ծիրանի» խմբակցության գործավարուհին տեղում է եղել ու ստացել նվեր, ասում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Արա Մարտիրոսյանը:

«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վստահեցնում է՝ իրենք  շատ երկար ժամանակ են տեղում եղել:

Նվեր-քարտերը պարտադիր չէ ստորագրելով ստանալ՝ Երևանի ավագանու մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Ելք»-ի անդամ Զարուհի Բաթոյանն է ասում: Ինքն էլ  քարտն ու բացիկն անձամբ չի ստացել, գնացել է աշխատասենյակ և նվերը տեսել իր սեղանին։

Եթե «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին նվեր-քարտ չտալու միտում լիներ՝  գործավարուհուն էլ չէինք տա, շեշտում է Արա Մարտիրոսյանը։ Զարուհի Փոստանջյանը պատասխանում՝ իրենք կոռուպցիոն ոչ մի առաջարկ չեն ընդունում, այն էլ քաղաքապետից:

Իսկ թե ի՞նչ միջոցներով է քաղաքապետը Երևանի ավագանու և աշխատակազմի կին անդամներին 20 հազար դրամանոց նվեր քարտեր նվիրել, քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկանում ենք՝ «Երևան» հիմնադրամի միջոցներից:

Մարտի 8-ին գործընկեր կանանց շնորհավորելու համար քաղաքապետարանը ծախսել է 400 հազար դրամ՝ 20 հազարական դրամի քարտ գումարած 3000 դրամ՝ յուրաքանչյուր քարտը ձեռք բերելու համար:

Կարդացեք նաև

Back to top button