Տնտեսական

Կառավարությունը ցանկանում է արտաքին պարտքի բեռը մեղմել բնապահպանական ծրագրերով

Հայաստանում պատրաստվում են նոր նախաձեռնություն կյանքի կոչել՝ բնապահպանական ծրագրերի իրականացում՝ արտաքին պարտքի մեղմման համար: Տնտեսական ոլորտի պատասխանատուները  պարզաբանում են՝ արտաքին պարտքի սպասարկման խնդիր Հայաստանը չունի։

 

Շրջակա միջավայրի  բարելավում՝ արտաքին պարտքի նվազեցման միջոցով: Ճապոնիա, Գերմանիա, ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիա. այս երկրներին ՀՀ-ն մինչեւ 2050թ. պետք է վճարի 570 մլն դոլար: Սա վերցված վարկերի մայր գումարի ու տոկոսադրույքների հանրագումարն է։

Այս  երկրներն իրենց հերթին ունեն  մոտավորապես մեկ տասնյակի հասնող միջազգային բնապահպանական պարտավորություններ՝ որպես զարգացած կամ խոշոր երկրներ։  Այսինքն, վճարումներ են  կատարում միջազգային հիմնադրամներին:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կոնկրետ օրինակ է ներկայացնում, իսկ  նախաձեռնությունը ձևակերպում այսպես՝  շրջակա միջավայրի   բարելավում՝ արտաքին պարտքի նվազեցման միջոցով:

«Մենք այսօր ունենք փայտանյութի խնդիր, որի արդյունքում ճնշումը մեծ է մեր անտառների վրա: Եթե մեզ հաջողվի այս համակարգով ՌԴ-ից ներմուծել փայտ՝ ինքնարժեքով կամ ավելի ցածր արժեքով, նշանակում է՝ մենք էականորեն կնվազեցնենք ՀՀ-ում անտառների նկատմամբ ճնշումը»,- բացատրում է։

Իրատեսական է արդյոք ծրագրի իրականացմումը, հարցնում եմ բնապահպան Կարինե Դանիելյանին: Անտառի վերականգնում, մաքրման կայաններ՝  բնապահպանը կարծում է, որ  առաջին փուլում   հենց այս ոլորտների վրա պետք է շեշտը դրվի:

Vardan Aramyan, Artsvik Minasyan

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նույնպես վստահեցնում է՝ գործիքը ցանկանում են կիրառել, սակայն ոչ թե պարտքը փակելու, այլ՝ բնապահպանական ծրագրեր իրականացնելու համար:

Որքան էլ բնապահպաններն ու  ոլորտի պատասխանատուները պնդեն, թե ծրագիրը զուտ բնապահպանական ուղղվածություն ունի, միևնույնն է, տնտեսագետների մի մասն այդպես չի կարծում:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը վստահ է՝ Հայաստանը պետք է օգտվի բոլոր հնարավորություններից։ Բայց  որքան էլ պաշտոնյաները պնդում են, որ սա ոչ թե պարտքը նվազեցնելու, այլ՝ բնապահպանական խնդիրների լուծման համար է, զրուցակիցս կասկածներ ունի:

«Խոսում ենք ներդրումային առողջ միջավայրի մասին։ Որևէ երկիր, որին պարտք են զիջել, հավատացեք, պոտենցիալ ներդրողները վերաբերվում են իբրև հիվանդ տնտեսություն: Միանշանակ կխուսափեն, խույս կտան այդ երկրից»,- ասում է։

Անցած տարիների ընթացքում վարկային բազմաթիվ միջոցներ են ուղղվել բնապահպանական ծրագրերի իրականացմանը:  Խնդիրները, սակայն, գրեթե նույնն են մնացել:  Բնապահպան Կարինե Դանիելյանը  դժվարանում է ասել, թե որոնք են երաշխիքները, որ այս դեպքում գումարները նպատակին կծառայեն:

Տարեվերջին Հայաստանի պարտքը կհատի 7 մլրդ դոլարի շեմը:

Կարդացեք նաև

Back to top button