

Մերօրյա Կարա Բալան՝ Վարդանը, մեկ վարդ վաճառելով այսօր արդեն դարձել է «Վարդանի վարդեր»: Նալբանդյան փողոցում մոտոցիկլետով վարդեր վաճառող Վարդանը զրկված է եղել մանկության հեքիաթային կյանքը վայելելու բերկրանքից: Ամեն անգամ չի ցանկանում թերթել մանկության դժգույն էջերը: Սակայն մեկ նախադասությամբ բնութագրեց. փողոցային կյանքից այսօր արդեն կայացած ընտանիքի հայր եմ:

Կյանքի դժվարությունները հաղթահարելով՝ երանի է տալիս այսօրվա դրախտային կյանքին ու արժևորում ձեռքբերումները: «Ուղղակի երջանիկ մարդ եմ, որ ունեմ լավ ընտանիք, լավ երեխաներ: Ճիշտ է, դժվարությունները բոլորի համար են, սակայն Աստծո շնորհքն է, որ կարողանում եմ այսօր աշխատել ու պահել ընտանիքս»։
Վարդանն իր կյանքը հետաքրքիր է համարում, ասում է կնոջ հետ հանդիպումն էլ է եղել հետաքրքիր: Ինը տարի առաջ Հյուսիսային պողոտայում տեսել է ու միանգամից սիրահարվել Դիանային: Շատ եմ սիրում կնոջս, «Ռադիոլուրի» հետ զրույցում անկեղծացավ Վարդանը, հետո ավելացրեց՝ ընտանիքս: Զավակներին Ավետարանիչների անուններով՝ Ղուկաս և Մարկոս կոչած Վարդանն ամեն ինչ անում է, որ երեխաներին տա այն, ինչից ինքը զրկված է եղել։ Մատթեոս անունով երրորդ որդին ունենալու ցանկությունն է առջևում է։ Երեխաների դաստիարակությամբ հիմնականում զբաղվում է կինը: Իր դերակատարությունն այս հարցում գրեթե չկա։ «Մեկը լինի ինձ դաստիարակի»,- ասում է:

Չի վախենում դժվարություններից: Ամեն ինչի մեջ լուսավորը տեսնելու ձգտումով էլ սկսում է յուրաքանչյուր առավոտը: Ամբողջ հարցազրույցի ընթացքում չէր մոռանում իր կյանքում մեծ դեր ունեցած անձանց անունները հիշել: Հատկապես հիշում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանին: Նրա խրատների ու խորհուրդների արդյունքում չեմ հայտնվել գաղութում՝ ասում է: Ինձ հետ շփվող երեխաներն իրենց մանկությունն անցկացրին այնտեղ:

Մինչ Նալբանդյան փողոցում զրուցում էինք, անցորդները ճանաչում էին Վարդանին, կանգնում, խոսում էին իր հետ Անցնող կանանց չթողեց առանց ծաղկի: «Ձեր
տոնն է, կանայք,»,- ասում է ու բաժանում ծաղիկները: Ինձ լավ եմ զգում նաև ծաղիկներ նվիրելով՝ ասում է։ Ծաղիկներն իմ կյանքն են, դրանցով գումար եմ վաստակում և դրանց հետ շփվելով հանգստանում:
Մինչ զրուցում ենք, գրպանում փոքրիկ ձայնարկիչը միացած է։ Արթուր Մեսչյանի երգերն է լսում։ Այդպես հանգստանում է խառնված ամբողջ ներաշխարհս՝ ասում է: Այնքան շատ է սիրում, որ այն մեքենայում, որտեղից հնչյուն են Մեսչյանի երգերը, ծաղիկ է նվիրում։
Այս տարվա մարտի 8-ն ամենահիշարժանն է լինելու Վարդանի համար: Երեկոյան առևտրի կենտրոններից մեկում տղաների հետ մոտոցիկլետով վարդեր է բաժանելու կանանց:




