

«Ազգային կինոկենտրոնն այլևս չի զբաղվելու կինոարտադրությամբ: Դրանով կզբաղվեն կինոարտադրող ընկերությունները»,-ոլորտի առողջացմանն ուղղված առանցքային փոփոխություններին այսօր անդրադարձել են մշակույթի նախարարն ու կինոոլորտի պատասխանատուները:
Շահագրգիռ բոլոր կառույցների հետ հանրային լայն քննարկման և լրամշակումների ենթարկվելուց հետո կինոյի մասին օրենքի նախագիծն այս պահին շրջանառվում է Կառավարությունում: Դրական եզրակացության արժանանալու դեպքում այն կտեղափոխվի Ազգային ժողով:
Մինչ օրենքի ընդունումը մշակույթի նախարարությունն ու նրա ենթակայությամբ գործող Ազգային կինոկենտրոնը դաշտը կանոնակարգելու որոշակի քայլեր արդեն իսկ ձեռնարկել են:
Մամուլի ասուլիսում այսօր ներկայացվեցին շրջանառվող օրենքի տրամաբանությունից բխող ֆիլմերի ֆինանսավորման ընտրության նոր կանոնակարգն ու կառուցվածքային մի շարք փոփոխություններ:
«Ազգային կինոկենտրոնն այլևս չի զբաղվելու կինոարտադրությամբ: Դրանով կզբաղվեն կինոարտադրող ընկերությունները»,-ոլորտի առողջացմանն ուղղված առանցքային փոփոխություններին անդրադառնալուց առաջ, շտապեց տեղեկացնել Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:
«Կանոնակարգը հետևյալն է. կստեղծվեն տեխնիկական և գեղարվեստական հանձնախմբեր, վերջինը երեք առանձին անվանակարգերում՝ գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմերի: Տեխնիկական հանձնախումբը կստուգի պետական ֆինանսավորում ստանալու նպատակով ներկայացված հայտերի տեխնիկական, իրավավական չափորոշիչներին համապատասխանությունը: կներկայացվի գեղարվեստական հանձնախմբին»:
Ստեղծագործական տարբեր միությունների անդամներից ձևավորված գեղարվեստական հանձնախմբերը կքննարկեն հայտերի գեղարվեստական արժանիքները: Ի դեպ, գաղտնիությունն ապահովելու համար հայտերը կներկայացվեն առանց անունների, պարզապես կհամարակալվեն»:
Գեղարվեստական հանձնախմբերի գնահատման արդյունքների հիման վրա ընտրված տասը լավագույն նախագծերի հեղինակները մասնակցում լսումների: Լսումների արդյունքում ընտրված հինգ լավագույն ֆիլմերը ներկայացվում են մշակույթի նախարարություն, որը և հաստատում է պետական բյուջեով ֆինանսավորվող ֆիլմերի ցանկը:
Նախատեսված փոփոխություններով ֆիլմարտադրությանը տրամադրված պետական բյուջեի(2018-ին 274 միլիոն դրամ է) 30 տոկոսը կտրամադրվի դեբյուտային ֆիլմերին: Նպատակը՝ հնարավորինս մեծ թվով երիտասարդների ներգրավել կինոարտադրության ոլորտում:
Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը ներկայացրեց հայկական կինոլորոտի առանցքային նորամուծություններից մեկի՝ ֆիլմ հանձնաժողովի կառուցվածքն ու գործառույթները.
«Ազգային կինոկենտրոնն ունի տնօրեն, երկու տեղակալ ու ֆիլմ հանձնակատար, որոնց միջև էլ բաժանվում են բոլոր գործառույթները՝ ֆինանսականից մինչև համաշխարհային կինոշուկայում հայկական կինոարտադրանքի իրացման ուղիների որոնում: Ֆիլմ-հանձնաժողովը կազմված է չորս բաժիններից՝ արտաքին կապերի, աջակցման, դիստրիբյուտցիայի, ինչպես նաև համատեղ ֆիլմարտադրության»:

Ըստ Բաղդասարյանի, նոր համակարգում չափազանց կարևորվում է կրթական ծրագիրը, որի նպատակը միջազգային չափորոշիչներին համապատասխան մասնագետների պատրաստումն է:
Նախատեսվող փոփոխություններից զատ, այսօր ներկայացվեցին նաև այն ֆիլմերը, որոնց պրեմիերաները տեղի կունենան 2018-ին.
Շուշանիկ Միզախանյան. «Այս տարի էկրան կբարձրանան «Սպիտակ», «Լորիկ», Մհեր Մկրտչյանի «Անխելք մարդը», Էդգար Բաղդասարյանի «Ճանապարհ», ինչպես նաև Արամ Շահբազյանի երկար սպասված «Չինչիկ» ֆիլմերը»:
Լրագրողներն այսօր հետաքրքրվեցին Կաննի կինոշուկայի արդյունքով. նախարար Ամիրյանի գնահատմամբ՝ «2017-ին մասնակցությունը Կաննի կինոշուկային իրականացվեց բարձր մակարդակով, իսկ արդյունքը դրական էր»:
Ֆիլմահանձնակատար Արսեն Բաղդասարյանի խոսքով, Կաննի կինոշուկան տվեց համագործակցության նոր հնարավորություններ, ինչի արդյունքը արդեն տեսանելի է:
Կաննի կինոշուկային Հայաստանը կմասնակցի նաև 2018-ին՝ ներկայացնելով մեր երկիրը որպես հրաշալի վայր ֆիլամարտադրության համար:




