Միջազգային

ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները Սիրիայի հարցով հանդիպում կունենան

Աստանայում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա մարտի 16-ին: Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

«Սիրիայի խնդրի շուրջ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության արատաքին գործերի նախարարները մտադիր են Ղազախստանի մայրաքաղաքում հանդիպել 2018 թվականի մարտի 16-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են գերատեսչությունում, բանակցությունների ընթացքում մասնակիցները ծրագրում են «վերլուծել Սիրիայի իրադրության կարգավորման ուղղությամբ փոխգործակցության առաջին տարվա ընթացքում ձեռքբերված արդյունքները, ինչպես նաև նախանշել հետագա համատեղ գործողությունները»:

Աստանայում նախարարական հանդիպումը ծրագրվում է անցկացնել առանց դիտորդների ու սիրիական կողմերի:

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը հրավիրվելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան։

Կարդացեք նաև

Back to top button