
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի հայտարարած մրցույթի սահմանված ժամանակահատվածում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով ստացվել է մեկ դիմում: Դիմում է ներկայացրել պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, ասվում է Մատենադարանի պաշտոնական կայքում:
Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթը տեղի կունենա մարտի 6-ին:
Վահան Տեր-Ղևոնդյանը երկար տարիներ աշխատել է ԱԳՆ համակարգում, 2012-ից եղել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արաբատառ ձեռագրերի նկարագրման և ուսումնասիրման բաժնի վարիչ, 2014.-ից Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտքարտուղար (համատեղելով բաժնի վարիչի պաշտոնը): 2016 թ. սեպտեմբերից Մաշտոցյան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար: 2008 թ. ցայսօր համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, նախ՝ որպես ավագ գիտաշխատող, ապա` առաջատար գիտաշխատող:
Հեղինակ է երկու մենագրության (որոնցից առաջինը թարգմանվել է նաև ֆրանսերեն և արաբերեն), քսանհինգ գիտական հոդվածների (հրատարակված Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Լիբանանում), կազմել և հրատարակել է պատմագիտական ու աղբյուրագիտական բնույթի ևս վեց այլ գրքեր:
Տիրապետում է ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի և արաբերենի:




