Մշակույթ

2018-ի աշնանը Հայաստանը մեկ ամիս «կվերածվի» ժամանակակից արվեստի միջազգային կենտրոնի


Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ , ՀՀ մշակույթի, Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և տուրիզմի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 25-ը կանցկացվի «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018»-ը: Նախագիծն իրականացվում է «Շաուլա Ինթերնեյշնլ» կազմակերպության հետ համատեղ:

Կայքէջի՝ http://www.icaearmenia.org , պաշտոնական բացումը ազդարարելուց զատ, կազմակերպիչներն այսօր ներկայացրին Ցուցահանդեսին մասնակցելու պայմանները, հայտերի ընդունման ժամկետներն ու անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

Ցուցահանդեսի հայաստանյան համադրող Մարինե Հակոբյանի պարզաբանմամբ, մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես հայտնի, այնպես էլ սկսնակ արվեստագետներ: Ստեղծագործությունները պետք է թվագրվեն 1991-2018-ով: Ժանրային սահմանափակում չկա: Մասնակիցները կարող են դիմել միայն առցանց՝ կայքէջում տեղադրված հայտը լրացնելու միջոցով: Հայտերն ընդունվում են մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ը:

Հայտերի ընդունումն ավարտելուց հետո համապատասխան գեղարվեստական խորհուրդը կընտրի այն արվեստագետներին, որոնց աշխատանքները ներկայացվելու են միջազգային ցուցահանդեսի շրջանակում: Յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել առավելագույնը 15-20 արվեստագետ:


Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսի համահիմնադիր Ալբերտո Կալիոստրոն ընդգծեց, որ ի տարբերություն մյուս երկրների, հայաստանցի արվեստագետների մասնակցությունն անվճար է:

«Սկսնակ հայ արվեստագետների համար սա միջազգային ասպարեզ մտնելու հրաշալի հնարավորություն է: Մեզ համար չափազանց կարևոր է Ցուցահանդեսի միջոցով Հայաստանը ճանաչելի դարձնելը: Հույս ունենք, որ այն կնպաստի Հայաստանի ոչ միայն մշակութային, այլև տնտեսական գրավչության բարձրացմանը»:

Ինչու՞ ընտրեցիք հենց Հայաստանը, հարցին իտալացի հյուրը պատասխանեց.

«Հայաստանը բարձր մշակույթի երկիր է, ինչպես և Իտալիան: Մշակույթի շնորհիվ մենք հաջողություն ենք ունեցել զբոսաշրջության ոլորտում, զարգացրել երկրի տնտեսությունը: Ես կարծում եմ, որ հայկական մշակույթը ևս կարող է նպաստել երկրի տնտեսական վերելքին: Իսկ Հայասատանը ճանաչելի դարձնելուն կարող են օգնել նման միջոցառումները»:

Լայնածավալ ծրագրի առանցքային նպատակներն են՝ ներկայացնել Հայաստանն աշխարհի տարբեր երկրներում, հետաքրքրություն առաջացնել նրա պատմամշակութային հարուստ ժառանգության նկատմամբ՝ խթանելով զբոսաշրջությունը դեպի Հայաստան: Միաժամանակ, Ցուցահանդեսը հնարավորություն կտա բացահայտելու անկախության տարիներին (1991-2018)Հայաստանում ստեղծված ժամանակակից արվեստն ու նրա զարգացման ուղիները:

Կարդացեք նաև

Back to top button