ԿարևորՏնտեսական

Հո՞ւյս, թե՞ լավատեսություն. հայ-իրանական հարաբերությունների ապագան

Հայ-իրանական գործակցության հեռանկարների մասին խոսվում է ամենաշռայլ արտահայտություններով, հարաբերությունները բնորոշվում են բարձր մակարդակով:

Միաժամանակ, հայ-իրանական պաշտոնական եւ գործնական մակարդակով բոլոր հանդիպումների ժամանակ շեշտվում է՝ գործակցության առկա ներուժի դեռ փոքր մասն է կիրառվում:

Ինչո՞ւ, ի՞նչն է խանգարում: «Ռադիոլուր»-ը հետաքրքրվել է երկկողմ գործակցության մեջ դրական փոփոխություններով ու խնդիրներով:

Կվերադառնա՞ն արդյոք Հայաստանում կատարված ներդրումները, եւ եթե այո՝ քանի՞ տարում: Իրանցի գործարարներին հետաքրքրող ու հուզող հարցը «Ռադիոլուր»-ին փոխանցում է Հայաստանում Իրանի դեսպանության առեւտրի գծով խորհրդական Համայեակ Ավետիսյանսը: Բիզնես-հետաքրքրությունները փոխադարձ են՝ նկատում է զրուցակիցս, բայց նաեւ առանձնացնում որոշ խնդիրներ: Հայաստանում իրանական բանկ գործում է, բայց բանկային գործարքները շարունակում են սահմանափակ մնալ: Հայաստանը զբոսաշրջիկների համար հետաքրքիր է թե հանգստի, թե տարանցման առումով, բայց դոլարի փոխարժեքի տատանումներն ու տարբերություններն են հիմա էլ խանգարում: Համայեակ Ավետիսյանս:

«Կարծում եմ՝ հարկային, մաքսային օրենքները պիտի մի քիչ թեթեւացնել: Ներդրողն առաջին բանը որ հարցնում է, այն է՝ մաքսատուրքերը, ընթացակարգերը ինչպիսի՞ն են՝  թեթեւ են, հեշտ են, դժվար են: Սրանք այն պատճառներն են, որոնց համար ներդրողը գալիս-գնում է կամ գալիս-մնում է»:

Ի՞նչ աչքերով են իրանցի գործարարները նայում Հայաստանին՝ որպես ներդրումային միջավայրի: Երեւանում Իրանի դեսպանության առեւտրի գծով խորհրդականը շեշտում է՝ հատկապես վերջին երկու տարում զգալիորեն թեթեւացել են Հայաստանում նոր բիզնես գրանցելու գործընթացները: Բանակցել ենք, ստացել արդյունք՝ ասում է՝ տարբեր խնդիրներ լուծվել են: Առեւտրաշրջանառությունն աճում է: Իրանի շուկան ներքին արտադրողի շահն ամենաբարձրն է դասում, բայց շուկա մտնելն առանձապես դժվար չէ: Այդուհանդերձ՝

«Հայկական ընդհանուր արտադրանքը Իրանի մեծ քաղաքներից մեկին էլ չի կարող պատասխան տալ, գոհացնել: 80 մլն-անոց շուկա է: Ի՞նչ հզորություն կա Հայաստանում՝ այդ շուկան գոհացնելու համար: Մի քիչ պետք է սպասել, որ ծրագրերը արդյունք տան»:

Էներգետիկ ուղղվածության «Սանիր» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Համիդռեզադ  Քաթուզյանը նախ խոսում է լավատեսորեն, լիահույս է՝ համատեղ ծրագրերն արդյունք կտան: Երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ավարտի ժամկետն էլ է արդեն նախանշվում՝ 2019-ի սեպտեմբեր՝ ասում է: Ազատ առեւտրի գոտիներն էլ են խոստումնալից: Հանդիպումները, գործարար համաժողովները գործակցության նոր եզրեր են խոստանում: Իսկ մինչ այժմ կայացած այսպիսի հանդիպումներից արդյունքներ կարո՞ղ եք առնաձնացնել՝ հետաքրքրվում եմ: Քաթուզյանը դժվարանում է հիշել այդպիսիք, հետո նաեւ սկսում խնդիրներով կիսվել:

«Ցանկությունը կա, քաղաքական հնարավորություն կա, բայց որոշ օրենքների անհամապատասխանությունը դանդաղեցնում է ընթացքը: Օրինակ՝ ճանապարհների հարկերը, որակը խոչընդոտ են պարսկական մեքենաների համար ապրանքները տրանզիտով տեղափոխելիս: Ծախսը բարձրանում է: Նման բաներ»:

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին «Ռադիոլուր»-ը փոխանցում է հայ եւ իրանցի գործարարների գնահատումները, որ օրենքների համահարթեցման կարիք կա, որ օրենքների տարբերությունները զգալիորեն խանգարում են:

«Ես որեւէ խնդիր մեր համագործակցության զարգացման ճանապարհին չեմ տեսնում: Նման խնդիրները լուծելու համար դեկտեմբերին ՀՀ տարածքում բացեցինք «Մեղրի» ազատ տնտեսական գոտին, իսկ Իրանի տարածքում՝ «Արաս» տնտեսական գոտին է գործում: Վստահ եմ՝ այս երկու գոտիների համագործակցությունը կհանգեցնի հենց այն օրենսդրական տարբերությունների համահարթեցմանը, որոնց մասին դուք խոսում եք»:

Դեկտեմբերի կեսին բացված ազատ առեւտրի գոտիները, որոնց հետ հույսեր է կապում նախարարը եւ ոչ միայն, արդյո՞ք մինչ այժմ ինչ-որ շարժ գրանցել են, օրինակ՝ Իրանի տարածքում գործող «Արաս» ազատ առեւտրի գոտում հայկական ընկերություններ կա՞ն՝ հետաքրքրվում ենք Իրանի Ազատ առեւտրի գոտիների գերագույն խորհրդի ներդրումների եւ բյուջեի պլանավորման գլխավոր վարչության պետ Մոհամադ Ռեզա Աբդոլ Ռահիմիից:

«Եթե չեմ սխալվում՝ ոչ մի հայկական ընկերություն ակտիվ չէ: Բայց ֆունկցիան կա, եւ հայկական կողմի հետ որոշ հուշագրերի ստորագրումից հետո ընկերությունները կարող են ակտիվանալ: Բայց, ընդհակառակը, իրանական ընկերությունները հայկական ազատ առեւտրի գոտում ավելի ակտիվ են»:

Իրանական ազատ առեւտրի գոտիների պատասխանատուն կարծում է, որ հայ գործարարները դեռ նոր պետք է մանրամասն ուսումնասիրեն իրանական շուկան, բացահայտեն ռեսուրսները: Իսկ խոշոր ծրագրերի, մասնավորապես՝ երկաթգծի առումով, նախագծերը դեռ հույսի տեսքով են։

Կարդացեք նաև

Back to top button