Վերլուծական

Սիրիան՝ «կարմիր գծերի» դիվանագիտության երախում

Վերջին շրջանում Սիրիայում զարգացումները կարծես քաղաքական դաշտ էին տեղափոխվել, սակայն, այսօր նկատելի է, որ իրավիճակն ավելի է թեժանում: ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նկատել է, որ Սիրիայի շուրջ քաղաքական գործընթացները մեծ հարված ստացան, երբ տեղի ունեցավ Թուրքիայի ագրեսիան Սիրիայի նկատմամբ: Աշխարհն էլ աչքերը փակեց Աֆրինի տարածք Թուրքիայի ներխուժման դեմ:

Ռուբեն Սաֆրաստյանը  կարծում է, որ Սիրիայում սկսում է գործել «կարմիր գծերի դիվանագիտությունը», ինչը հույս է ներշնչում, որ այս անգամ հնարավոր կլինի լայնամասշտաբ հումանիտար աղետից խուսափելու: Փորձագետների լավատեսությունը, սակայն, խիստ զգուշավոր է:

Թեւան Պողոսյանը, օրինակ, կարծում է, որ ՄԱԿ-ի ընդունած վերջին բանաձեւը կմնա զուտ որպես փաստաթուղթ, եթե ավելի շատ երկրներ ձայն չբարձրացնեն՝ ընկալելով, որ Սիրիայի խնդիրն այլեւս համաշխարհային հարց է:

 

Չնայած Թուրքիայի ներխուժումը Սիրիա եւ Աֆրինում ծավալած ռազմական գործողությունները մեծ հարված էին Սիրիական խնդրի շուրջ բանակցային գործընթացին, այդուհանդերձ, թուրքական գործողությունները դատապարտող որեւէ հայտարարություն չտեսանք մեծ տերությունների կամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Նկատելով այս հանգամանքը՝ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը հավելեց, թե ինքը, միաժամանակ, սիրիական զարգացումներում դրական միտումներ էլ է տեսնում:

«Մասնավորապես այն, որ հաջողվեց ՄԱԿ-ի ԱԽ-ում միաձայն ընդունել բանաձեւ՝ 1 ամսով դադարեցնելու ռազմական գործողությունները, իհարկե՝ հաշվի չառնելով ռազմական գործողությունները ծայրահեղականների դեմ»: Դա, նշանակում է, որ երկրների միջեւ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, ձեռք է բերվել որոշակի համաձայնություն, ինչը, թուրքագետի ձեւակերպմամբ, հուսադրող է:


Վերլուծաբան Թեւան Պողոսյանի գնահատմամբ, սակայն, զուտ ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձեւից հույս տածել, թե իրավիճակը կբարելավվի՝ սխալ է:

Ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի՝ փոքր երկրներն այդ մեծ խաղին միջամտելու հնար ու ճար չունեն: Ըստ նրա, սակայն, Սիրիայում սկսում է գործել «կարմիր գծերի» դիվանագիտությունը: Այսինքն՝ խաղացողներն իրենց նպատակները հնարավորություն ունեն իրականացնել որոշակի շրջանակում, որից, սակայն, չպետք է դուրս գան:

«Այսինքն, բարի կամքը տարբեր կողմերի միջեւ ակնհայտ է: Ակնհայտ է, որ կողմերը ձգտում են հարցերը լուծել խաղաղ ճանապարհով»:

Փորձագետը կարծում է, որ Թուրքիայի ագրեսիան էլ որոշակի շրջանակի մեջ պահելու հնարավորություն կա: Նա հավանական է համարում, որ թուրք-ամերիկյան սրված հարաբերություններն էլ կարող են կարգավորվել որոշակի կոմպրոմիսներով՝ քրդերի հաշվին: Այս խաղը, ըստ նրա, նոր է սկսվում: Հույս ունի, որ այն կլինի դիվանագիտական: Փորձագետի ձեւակերպմամբ՝ շատ զգուշավոր կարող է ասել, որ կարծես թե այս անգամ կա հնարավորություն լայնածավալ հումանիտար աղետից խուսափելու: Թեւան Պողոսյանը, սակայն, նման մեխանիզմներ չի տեսնում:

Արձագանքելով հարցերին՝ Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ մխրճվելով մերձավորարեւելյան իրադարձությունների մեջ, Թուրքիան դժվար թե որոշակի ակտիվություն ցուցաբերի Հարավային Կովկասում: Թեպետ, ինչ-ինչ զարգացումների թեպքում, չպետք է բացառել դա. Ադրբեջանի միջոցով Սիրիայից ուշադրություն շեղելու համար:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Սիրիական ճգնաժամը հիմա այնքան մեծ է, որ կարող է հարակից տարածքներ իր մեջ ընդգրկել՝ որպես խաղի ընդհանուր հարթակ: Թուրքագետի ձեւակերպմամբ՝ դա չի կարելի բացառել, սակայն, ներկա փուլում դրա նախապայմանները չկան:

Կարդացեք նաև

Back to top button