Տնտեսական

Ծիրանենին արդեն բողբոջել է


Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում բնակիչներն ավարտել են պտղատու այգիների էտը: Ծիրանենին արդեն բողբոջել է: Մնում է հուսալ, որ ցրտահարություն չի լինի: Գյուղացիները աստիճանաբար պատրաստվում են նաև վար ու ցանքին, սակայն տարակուսանքի մեջ են: Լուրեր են տարածվել, որ  ոռոգման ջուր չի լինելու և հող չեն կարողանալու մշակել:

Տաք եղանակը  տարվա սկզբին դաշտ դուրս բերեց գյուղացուն:  Անձյուն ձմռանը բնությունը շուտ արթնացավ: Հունվարից պտղատու այգիներում սկսվեց էտը: Ծառերը թարմացվել են, կտրտած ճյուղերն էլ շարվել ծառերի շարքերի արանքում, որպեսզի եղանակի կտրուկ փոփոխության ժամանակ ծխի միջոցով կարողանան պաշտպանել ցրտահարությունից:  Այգեգործները գիտեն իրենց անելիք:


Գյուղացիները ուշի-ուշով են հետևում եղանակի տեսությանը, հետևություն անում՝ եթե գիշերը մինուս լինի, ապա  ծառերը շուտ չեն բողբոջի ու ծաղկի:   Մինչդեռ   արդեն ծիրանենին ու նշենին սկսել են բողբոջել և մի քանի օր է, ինչ Արմավիրի մարզում գիշերը ջերմաստիճանի սանդղակը  զրոյից բարձր է: Նալբանդյանում 2009 հա հողատարածքից 1500 հա-ն է մշակվում, սա մոտավոր հաշվարկով: Հողերի մի  մասն անմշակ է ոռոգման ջրի պառճառով:


Գյուղի  հողերը բերրի են և գրեթե բոլոր մշակաբույսերն էլ հողում ծիլ են տալիս: Տարվա տեղումների պակասն ու անցած տարվա սակավաջրությունը գյուղացիներին հետ է պահում գյուղատնտեսական աշխատանքներից, ցանկություն ունեն, մտավախություն ևս կա: Գյուղացիների շրջանում տարածվել է ոռոգման սակավաջրության մասին լուրը, քանի որ Ախուրյանի ջրամբարում ջուրը պակաս է:


Ոռոգման  ջուրը նալբանդյանցիները ստանում են Արաքս գետից  2 ուղղությամբ: Գյուղացիները նշում են, որ պետք է այլընտրանքային աղբյուրներ փնտրել: Իրենց մոտ  18 խորքային հոր կա, որն անհիշելի ժամանակներից  չի շահագործվել, լցվել է ու  փակվել:

Փորձեցի հարցերի պատասխանը ստանալ համայնքի ղեկավարից:   Չնայած արդեն կեսօր էր, սակայն ղեկավարի դուռն ամուր կողպած էր, տեղում չէր: Հարցերիս պատասխանը գյուղապետի տեղակալ  Տոսուն Հասոյանը տվեց: Նալբանդյանում  18 խորքային հորը աշխատել են մինչև խորհրդային կարգերի փլուզումը, որից հետո թալանվել է,  չկան  հոսանքի լարերն ու  էլեկտրական սյուները:


Գյուղացիները գյուղի կենտրոնում հավաքվում են, մտքեր փոխանակում, նյարդային լարվածությունը թուլացնում նարդու քարերն ու թղթաքարտերը շրխկացնելով:

Նալբանդյանցիները նշեցին, որ հողի հետ սիրով են աշխատում, բայց բերքի իրացման խնդիր են ունենում:

Զրուցակիցներս հաշվարկեցին, հետո եզրակացրին՝ շատ են աշխատում, բայց լավ չեն ապրում:

Կարդացեք նաև

Back to top button