

Չկան համապատասխան միջազգային իրավական նորմեր, որոնք կարող են խոչընդոտել Եվրոպայի որևէ քաղաքացու այցը Արցախ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Դա նրանց իրավունքն է։
Եվրամիության Խորհուրդը հստակ հայտարարել է, որ ԵՄ ներկայացուցիչները պետք է անվերապահ մուտք ունենան Արցախ, ասում է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյան խոսելով Ադրբեջանի կողմից իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին:
Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետն էլ տեղեկացնում է, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է և Գասպար Կարապետյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չէ:
«Անհեթեթություն». հակիճ այսպես է գնահատում Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանն իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի գլխավոր դատախազության քայլը: Նրա կարծիքով՝ Բաքվի այս գործելաոճը Ադրբեջանի հասարակության մոտ զորավոր երկրի կերպար, իսկ դրսում՝ նաև վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ ՝ հետապնդում:
Բայց այդ գործելաոճը որևէ արդյունքի չի բերի՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցրեց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:
Ավելի լավ է Բաքուն զբաղվի իր երկիր ներսում առկա խնդիրների լուծմամբ, որոնց պակաս Ադրբեջանում չկա՝ ասում է Գասպար Կարապետյանը՝ հիշեցնելով, որ Արցախն անկախ պետություն է և յուրաքանչյուրն ոք ազատ կարող է այցելել այնտեղ:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել կալանավորումը, սակայն Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանը «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց, որ Գասպար Կարապետյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չէ:
Ադրբեջանի դատախազությունը հայտարարում է, թե հետախուզման պատճառը Կարապետյանի կողմից «Ադրբեջանի պետական սահմանի բազմակի կանխամտածված խախտում»-ն է, Լեռնային Ղարաբաղի հանրապետության «օգտին քարոզչությունը միջազգային մակարդակով»։ Նման հիմնավորվումներով, իհարկե, կարելի է Ինտերպոլով հետախուզում հայտարարել՝ ասաց Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետը:
ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նույնպես Բաքվի այս քայլը որակում է իբրև վախի մթնոլորտ ստեղծելուն միտված քայլ, որին նպատակը պարզ է.
«Եվրախորհրդարանում մի քանի միկջոցառումներ են նախատեսված 30 տարվա առիթով ու փորձում են կանխել մասնակցությունը»:
Բաքվին, սակայն, չի հաջողվի այս միջոցներով փոխել Արցախ այցելելու մարդկանց մտադրությունը՝ համոզված են զրուցակիցներս: Ավելին՝ չեն բացառում, որ այս գործելաոճը հակառակ արդյունքի հանգեցնի՝ մարդիկ սկսեն ավելի շատ այցելել Արցախ:




