

Ռուս-ամերիկյան հարաբերությունները շարունակում են սրվել: Հայտնվել ենք մի իրավիճակի առաջ, երբ մանեւրելու հնրավորությունները քիչ են: Վտանգը կմեծանա: Կարծում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Նրա խոսքով՝ ԼՂ բանակցություններում տեղաշարժ սպասելն անիմաստ է:
Կոնֆլիկտը լուծելու համապատասխան շահագրգռություն պետությունները, առաջին հերթին՝ Ռուսաստանը, չունեն: Նորավանք գիտավերլուծական կենտրոնի փորձագետ Արա Մարջանյանը, սակայն, կարծում է, որ Ռուսաստանի դերակատարությունը լուրջ-սթափեցնող է:
Խոսելով Նախիջեւանում զինատեխնիկայի կուտակումների մասին՝ փորձագետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի դրանք չեզոքացնելու, սակայն, Հայաստանը նախ պետք է ժողովուրդներին ցույց տա խաղաղության եւ համագործակցության սցենարներ:
Ադրբեջանը հռչակեց պետական քաղաքական դոկտրին՝ ի դեմս Ալիեւի՝ Երեւանը գրավելու հայտարարության: Այս կարծիքին է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Ներկայումս ստեղծված վիճակում պիտի պատրաստ լինել ռազմական գործողությունների, քանի որ պատերազմն անխուսափելի է դառնում:
«Պատերազմն անխուսափելի է, եթե մնում են այս տենդենցները: Եթե պայմանները փոխվում են, փոխվում է ամեն ինչ: Դա արդեն դժվար է ասել»:
Ըստ քաղաքագետի՝ իրավիճակն ապակայունացնողը ոչ թե Ալիեւի հայտարարությունն է, այլ Ադրբեջանին Ռուսաստանի զենքի մատակարարումները: Քաղաքագետի գնահատմամբ՝ այդ զինումը ե՛ւ Հայաստանի դեմ է, ե՛ւ Իրանի:
«Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն, փորձագետ Արա Մարջանյանը, սակայն, չի կիսում նման գնահատականը՝ այն համարելով խիստ միակողմանի:
Արա Մարջանյանը նույնպես կարծում է, որ պատերազմի վտանգը բարձր է: Վերլուծաբանն ասաց, թե վտանգը միշտ էլ բարձր է եղել: Նա նկատեց նաեւ, որ Երեւանը գրավելու Ալիեւի վերջին հայտարարությանը չարձագանքեց միջազգային հանրությունը, ինչը բարձրացնում է այդ վտանգը: Արձագանքելով դիտարկմանը, որ որոշ փորձագետներ կարծում են, թե միջազգային հանրության արձագանքն ակնկալելուց առաջ նախ այդ հայտարարությանը Հայաստանը պետք է պաշտոնապես կոշտ արձագանքեր, Արա Մարջանյանն ասաց, որ ինքն անձամբ նույնպես Հայաստանի պաշտոնական արձագանքը բավարար չի համարում:
Վերլուծաբանն անդրադարձավ նաեւ Նախիջեւանում արձանագրված հարվածային զինատեսակների կուտակումներին: Վստահեցրեց, որ այստեղ բոլոր զարգացումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Նախիջեւանից վտանգի առկայությունը կիսեց նաեւ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Ըստ նրա, սակայն, այստեղ, ամեն ինչից առաջ, նախ պարզապես պետք է ռազմավարական դաշնակից Ռուսաստանին կոնկրետ հիշեցում անել:
Սակայն, ըստ «Նորավանքի» փորձագետի, Նախիջեւանը նաեւ կարող է համագործակցության եւ խաղաղության հնարավորություն լինել եւ այստեղ դա նախ պետք է լինի Հայաստանի առաջարկը:
Հայաստանը պատրաստ է ցանկացած մասշտաբի հակահարված տալ՝ չեզոքացնելու այդ ամենը՝ համոզմունք հայտնեց փորձագետը:




