

Կառավարությունը փորձում է փոխել համայքներին գումարներ հատկացնելու տրամաբանությունը ՝ այսօր ասել է տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նա ամփոփել է 2017-ի արդյունքները, խոսել նախանշված ծրագրերի մասին:
Նախարարի փոխանցմամբ՝ համակարգային մոտեցման բացակայության պատճառով տարիների ընթացքում համայնքներում շուրջ 1 մլրդ դրամ աշխատավարձի պարտք է կուտակվել: 2017-ին կառավարությունն այն նվազեցրել է շուրջ 200 մլն դրամով:
Հայաստանում համախառն ներքին արդյունքի մոտ 60 տոկոսը ստեղծվում է Երևանում: Սա նշանակում է, որ մարզերում, ի տարբերություն մայրաքաղաքի, աղքատության ու գործազրկության մակարդակն ավելի բարձր է : Իրավիճակը պատասխանատուներին անհանգստացնում է, ավելին, նրանք ցանկանում են ունենալ կայուն, ուժեղ ձևավորված համայնքներ: Այս նպատակով կառավարությունը որդեգրել է ներդրումներ ներգրավելու, ինչպես նաև զարգացման ծրագրեր նախաձեռնելու քաղաքականություն: Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասում է, որ ամեն տարի կառավարությունը 48 մլրդ դրամ դոտացիա է հատկացնում համայնքներին:
«Դոտացիան չենք կարող անսահմանափակ օգտագործել ՝ աշխատավձր վճարելու համար: Պետք է մեծացնեք ձեր ջանքերը սեփական եկամուտները մեծացնեք, որ դրանով իսկ բարձր աշխատավարձ ստանան: Համանքյաին բյուջեի մոտ 85 տոկոսը աշխատավարձ էին վճարում»:
Կառավարությունը փորձում է փոխել գումարների տրամադրման քաղաքականությունը:
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը «Ռադիոլուրին» վստահեցնում է՝սեփական եկամուտների հավաքագրման խնդիր համայնքը չունի: «Ռադիոլուրի» հարցին, թե արտոնյալներ չկա՞ն, արձագանքում է՝
«Մեզ մոտ արտոնյալներ չկան, մեր քաղաքում ինձնից սկսած բոլորը 100 տոկոսով հարկ են վճարում: Ոչ մեկը չի պլստում»:
Այս համայնքը պետբյուջեից ստանում է 230 մլն դրամ լրավճար, համայնքում հարկային եկամուտները կազմում են 80 մլն դրամ: Համայնքի գումարները փոքր են, կառավարությունից ակնկալիքները՝ մեծ: Գուգարք համայնքը Լոռու մարզի ամենամեծ գյուղերից է: Տարեկան բյուջեն համայնքի ղեկավարի խոսքով՝ 150 մլն դրամ է: Աշոտ Աշուղյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցնում է՝ եթե պետությունը ֆինանսապես իրենց չաջակցի, գոյատևել չեն կարող:
Տարածքային կառավարման ու զարգացման նախարարը նկատում է՝ ֆինանսավորման կարգի փոփոխության հարցում հաջողություններ ունեն: 2017-ին միայն համայնքային ֆոնդային բյուջեներում շուրջ 6 մլրդ դրամ է հավաքագրվել: Գումարը համայնքները կուղղեն կապիտալ ծախսերին՝ ստեղծելով ավելացված արժեք:




