Վերլուծական

Տարածքային ամբողջականության հարցում Իրանի դիքորոշումը հասկանալի է. փորձագետ


Երևանը «պատմական տարածք»  համարելու մասին  Ալիևի հայտարարությանը  հաջորդեց  այդ երկրի պաշտպանության նախարարի մեկ այլ  հայտարարություն, թե  ռազմական գործողությունների  վերսկսումը ցանկացած պահի հնարավոր է:

Ռազմատենչ հայտարարությունների շարքին նոր նրբերանգ ավելացրեց Բաքվում Իրանի պաշտպանության նախարարի դիտարկումը՝ տարածքային ամբողջականության վերաբերյալ:

Իրանի պաշտպանության եւ ԶՈՒ աջակցման նախարար Ամիր Հաթամին երկօրյա աշխատանքային այցով Բաքվում է: Նա արդեն հանդիպել է երկրի նախագահի, պաշտպանության նախարարի հետ,  շփվել ԶԼՄ-ների  ներկայացուցիչների հետ: Ըստ իրանական պաշտոնական աղբյուրների՝ գեներալ Հաթամին
Զաքաիր Հասանովի հետ հանդիպումից հետո, ընդգծել է, որ Իրանը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, եւ հավելել է. «Մենք հավատարիմ ենք այդ քաղաքականությանը, և Ադրբեջանի մեր գործընկերների հետ հանդիպմանն ընդգծել ենք, որ այդ քաղաքականությամբ կարողացել ենք տարածաշրջանի տարբեր հատվածներում կայունություն հաստատել»:

Հաշվի առնելով Իրանում անջատողականության սպառնալիքը՝ իրանագետ Արմեն Իսրայելյանը լիովին հասկանալի է համարում, որ Իրանը պետք է ընդգծի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը: Ուշագրավ է, որ իրանցի բարձրաստիճան զինվորականը խոսել է ընդհանրական՝ բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին՝ չառանձնացնելով Ադրբեջանը: Սա անհասցե հայտարարություն էր՝ միտված կայունության պահպանմանը ՝ ասում է փորձագետը:

«Ի դեպ, անդրադարձ չի եղել Ղարաբաղայան հակամարտությանը: Այսինքն որոշ դեպքերում նախագահը, արտգործնախարարը, ՊՆ այլ առիթներով անդարադառնալով ղարաբաղայան հակամարտությանը խոսել են տարածքային ամբողջականության մասաիան կմրկին նման ձեւակերպումներով, բայց այս անգամ ընդհանուր ձեւակերպում էր»:  

Ադրբեջանական լրատվամիջոցներն այս անգամ նույնպես հայտարարությունը մեկնաբանել են սեփական  ցանկությունների տեսանկյունից: «Ռազմինֆո» կայքի ադրբեջանական բաժնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը հերթական խեղաթյուրված փաստն է արձանագրում՝  ներկայացնելով ադրբեջանական տեսակետը:

«Եթե պարբերաբար նայեք Ադրբեջան այցելած պաշտոնյաների այցելության ժամանակ հնչած հայտարարություններին նշվում է, որ այդ պաշտոնյան ասել է, իբրեւ, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պաշտպանում Ադրբեջանի դիրքորոշումը: Իսկ իրականում, երբ նայում ենք տվյալ երկրների համապատասխան մարմինների հաղորդագրությունը, հայտարարության պատկերն այլ է՝ ավելի շատ պրոտոկոլային բնույթի է: Այս դեպքում Իրանի ՊՆ հայտարարել է, որ պաշտպանում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»:

Մեջբերելով Իրանի ՊՆ հայտարարությունից մի հատված, որ Իրանը կողմանակից է միջազգային նորմերի եւ սահմանների ճանաչման շրջանակներում հարցերը կարգավորելուն ՝ Տարոն Հովհաննիսյանը շեշտում է, որ անգամ չկա հստակություն, թե Ադրբեջանի համար, որն է տարածքային ամբողջականություն ասվածը:

Իրանագետը նաև նկատում է՝  Արցախն Իրանի հասարակական-քաղաքական շրջանակների ընկալումներում թեև չճանաչված, սակայն անկախ պետական միավոր է, ուստի Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ տարածքային ամբողջականության մասին ձևակերպումը կարող  է վերաբերել նաև Արցախին՝ ասում է Իսրայելյանը, եւ փաստում՝  Իրանի հյուսիսային շրջանը սահմանակցում է Ղարաբաղին և իսլամական հարապետության պետական շահերին համահունչ է, որ այդ հատվածում կայունություն լինի:

Կարդացեք նաև

Back to top button