

Հայաստանն ու Վրաստանն իրենց զարգացող տուրիզմին փորձում են նոր շեշտադրումներ տալ՝ Իտալիայի ու Իսպանիայի արդեն զարգացած տուրիզմի փորձը հաշվի առնելով: 4 երկրների մի քանի տասնյակ երիտասարդներ Երեւանում մասնակցում են «Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային համաժողովին՝ քննարկելու համատեղ ծրագրեր: Բայց մինչ ծրագրերը կոնկրետացնելը՝ նրանցից շատերը դեռ նոր են փորձում հասկանալ՝ ինչ երկիր է Հայաստանը: Այդուհանդերձ, երիտասարդները որոշ առաջարկներ ունեն՝ զբոսաշրջային ծրագրերում տեխնոլոգիական նորամուծություններ անել:
Իրակլի Բագատուրիան Վրաստանից է, զբոսաշրջային գործունեությամբ է զբաղվում: Իր երկրում հայ զբոսաշրջիկների միշտ ու շատ է հանդիպում, բայց նաեւ նկատում է՝ վրացիները Հայաստանի հանդեպ զբոսաշրջային հետաքրքրությունները նույնքան հաճախ չեն փոխադարձում: Պատճառն այն չէ, որ Հայաստանը զիջում է պատմամշակութային գրավչություններով: Պարզապես զբոսաշրջային ծրագրերին նոր տեխնոլոգիական շունչ է պետք հաղորդել՝ ասում է ու բացատրում. «Որպես առաջին քայլ՝ մենք պետք է ունենանք նոր սթարթ-ափ, նոր փաստաթուղթ, որով կառաջնորդվենք զբոսաշրջային համատեղ ծրագրերը զարգացնելիս: Պիտի օգտագործենք Իսպանիայի ու Իտալիայի փորձը»:

Իրակլին Երեւանում անցկացվող «Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային համաժողովի մասնակիցներից մեկն է: Ալանա Դելին էլ է նույն նպատակով Հայաստանում: Առաջին անգամ է մեր երկրում: Իսպանիայից հրավիրել են՝ քննարկելու զբոսաշրջության ոլորտում համատեղ ձեռներեցության հեռանկարները: Բայց նախ Ալանան փորձում է պարզել՝ ուր է եկել: Հայաստանի մասին որոշ տեղեկություններ փնտրել է համացանցում: Ինչ-որ լիճ ունեք՝ ասում է: Սեւանը՝ հուշում եմ: Թեթեւացած ժպտում է՝ այո: Կուզենա այդ լիճը տեսնել, որոշ փողոցներ Երեւանում իրեն հետաքրքիր են թվացել, դրանցով կանցնի, իր ընկերների խորհուրդ տված որոշ վայրեր կայցելի: Զբոսաշրջային համատեղ ծրագրերից, բնական է, դեռ վաղ է խոսել: Այդուհանդերձ, համաժողովին ներկայացված տեղեկություններից որոշ եզրահանգումներ արել է. «Գինի, սնունդ՝ կարող են հետաքրքրել, կարելի է համատեղ փառատոներ անցկացնել՝ ներկայացնելու Իսպանիայի հետ ընդհանուր ու տարբերվող զբոսաշրջային գրավչությունները:

Վրաստանից, Իտալիայից ու Իսպանիայից մեր երկիր եկած շուրջ 2 տասնյակ երիտասարդներին զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները մանրամասն ներկայացնում են Հայաստանի զբոսաշրջային «խոստումները»: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը խոստումներից խնդիրներին է անցնում: Զբոսաշրջիկների համար տեղեկատվական կենտրոն չունենք, որ մարդը եկավ մեր երկիր՝ իրեն ուղղորդեն, բացատրեն՝ ուր գնալ, ինչպես տեղաշարժվել երկրում, Երեւանից ինչպես մարզեր գնալ տրանսպորտով, ինչպես զարգացած երկրներում՝ ասում է Օրբելյանը: Երեւանն այս տարվանից այս առումով առավել հյուրընկալ կդառնա, նման կենտրոն կբացվի: Բայց զբոսաշրջությանը նաեւ նոր տեխնոլոգիական լուծումներ են պետք. զրուցակիցս օրինակով է բացատրում: «Ինչ-որ հետաքրքիր նախաձեռնություն սթարթ-ափ-ի տեսքով, ինչ-որ հետաքրքիր հավելված, որը ներբեռնվի սմարթֆոնի մեջ: Գուգլ.մափ-ի վրա քարտեզի տեսքով նստեցվում է ծրագիր, ու զբոսաշրջիկն առաջնորդվում է դրանով, կողմնորոշվի՝ ո՞ր կողմ գնալ, ո՞ր ժանացային վայր, ո՞ր թանգարան»:
Աղմկոտ հայերին ու զբոսաշրջության մեր խնդիրների մասին աղմկող փաստերին զբոսաշրջիկները դեռ կհասցնեն տեղեկանալ: Բայց կարեւոր է, որ դրանք չստվերեն մեր երկրի իրական զբոսաշրջային պատկերը:




