

Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել Վարպետի վենետիկյան շրջանի եզակի ստեղծագործություններից մեկի՝ Ժորժ Զաքարյանի դիմաքանդակի ցուցադրություն-շնորհանդեսը: Քանդակն արտասահմանից թանգարանին նվիրաբերված առաջին ստեղծագործությունն է:
Եվրոպական արվեստին մոտիկից ծանոթանալու նպատակով 1922 թվականին Քոչարը մեկնում է Եվրոպա: Վենետիկում ապրում է Սուրբ Ղազար կղզում, որտեղ էլ ստեղծում է իր առաջին քանդակները, այդ թվում՝ Ժորժ Զաքարյանինը: «Նրանք ծանոթ են եղել դեռ Թիֆլիսից: Հետագայում որոշ ժամանակ միասին ապրել են նաև Վենետիկում; Հետագայում Ժորժն աշխատանքի է անցնում Իտալիայի առաջատար «Հռոմ» բանկում և մինչև 1964 թ. աշխատում որպես բանկի գլխամասերի փոխտնօրեն: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ժորժ Զաքարյանը նաև ղեկավարել է ENDSI գրասենյակը, որն ԱՄՆ-ից և այլ երկրներից հավաքված օգնությունը հասցնում էր Իտալիայի բնակչությանը: Զաքարյանն օգնել է նաև շատ ու շատ հայ ուսանողների Վենետիկում»:

«Զաքարյանի դիմաքանդակի տեղը երկար ժամանակ անհայտ էր: 1999 թվականին Հայաստանի ազգային արխիվում հայտնաբերեցի մի հոդված, որում կար քանդակի լուսանկարը՝մակագրությամբ. Ժորժ Զաքարյան, գործ՝ Երվանդ Քոչարի: Ավետիք Իսահակյանն էլ Քոչարին շատ էր գրում, թե՝ Ժորժիկը քեզ բարևում է»,- Զաքարյանի քանդակի «հայտնության» պատմությունը ներկայացնում է Երվանդ Քոչարի հարսը՝ Լալա Քոչարը:

Տարիներ անց տիկին Լալային հաջողվում է գտնել Ժորժ Զաքարյանի հասցեն, նամակ է գրում ու ստանում պատասխանը Ժորժ Զաքարյանի որդուց՝ Պաոլոյից: Վերջինը գրում է, որ հոր քանդակն իր գրասեղանի վրա է: Դիմաքանդակը Քոչարի թանգարանին նվիրելու՝ Լալա Քոչարի խնդրանքին ի պատասխան, Պաոլո Զաքարյանն արձագանքում է՝ պատրաստ չեմ: 2015 թվականին Քոչարի ընտանիքին հասցեագրած նամակում Պաոլո Զաքարյանը գրեց, որ հոր դիմաքանդակի տեղը թանգարանն է, և ինքը պատրաստ է այն նվիրել:

Պաոլո Զաքարյանը հոր դիմաքանդակը Քոչարի թանգարանին նվիրաբերեց 2015 թվականին՝ Իտալիայում ՀՀ դեսպանատանը կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ: ՀՀ մշակույթի նախարարության, «Ապավեն» ընկերության տնօրեն Արսեն Ղազարյանի, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի աջակցությամբ 2016թ. քանդակը տեղափոխվեց Հայաստան:

Քոչարի թանգարանում կազմակերպված միջոցառման ժամանակ տեսակապ հաստատվեց նվիրատու Պաոլո Զաքարյանի հետ՝ նրան երախտիքի խոսքեր փոխանցելու նպատակով: 84-ամյա նվիրատուն ասաց, որ քանդակն այսօր իր տեղում է, և վստահ է, որ այն ամենաապահով ձեռքերում է: «Քանդակը երկար տարիներ իմ գրասեղանին էր։ Հայրս պատմել է, որ հեղինակը՝ Երվանդ Քոչարյանը, իր ընկերն է եղել, որի հետ ապրել են Վենետիկում։ Այս քանդակի իրական տեղը Քոչարի թանգարանն է։ Ես այն սիրով նվիրեցի, որովհետև համոզված եմ՝ թանգարանում այն կապրի հավերժ: Սա կերկարացնի իմ հոր կյանքը»,- ասաց։

Միջոցառմանը ներկա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ սա առաջին դեպքն է, երբ Քոչարի ստեղծած մշակութային արժեքը դրսից գալիս է Հայաստան, և այդ առիթով Վարպետի թանգարանը մեկ անգամ ևս ներկայացնելու և հանրահռչակելու հնարավորություն է ստեղծվում։ «Այժմ խոսում ենք ստեղծագործության վերադարձի մասին, բայց Քոչարի գործերը պետք է նաև ճամփորդեն: Դա մեր արվեստը աշխարհին ներկայացնելու լավագույն միջոցներից մեկն է»,- ասաց նախարարը։





