

Այս տարի Հայաստանի պարտքը կհատի 7 մլրդ դոլարի շեմը: Պարտքային բեռը կտրուկ ավելացավ ճգնաժամից հետո: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր մատնանշել է այն ոլորտները, որտեղ ուղղվել են վարկային միջոցները, սակայն արդյունքներ չեն գրանցվել:
Մոտ 20 տարի առաջ նորանկախ Հայաստանը արտաքին պարտքի շուկա մտավ: Մինչև 2009թ ֆինանսական ճգնաժամը Հայաստանում պարտքը կազմում էր ՀՆԱ-ի մոտ 14 տոկոսը: Այժմ այն մոտեցել է ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմին՝ թվային տվյալներով, մինչև տարեվերջ հատելու է 7 մլրդ դոլարի շեմը:
Թե ինչու ավելացավ Հայաստանի արտաքին պարտքը, գիտենք՝ ճգնաժամի պատճառով վարկեր ներգրավվեցին՝ աշխատավարձ ու թոշակ վճարելու, նաև՝ ենթակառուցվածքները զարգացնելու համար: Վճարման մասով պատկերը պարզ է, իսկ թե ինչպես ծախսվեցին վարկային միջոցներն այլ նպատակներով, այնքան էլ պարզ չէ: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ընդգծում է՝
Զրուցակիցս ոլորտներն է մատնանշում, որոնց զարգացման համար վարկային միջոցներ են ներգրավվել. «Կրթություն, բնապահպանության ոլորտում, ամենամեծն են ծախսերով՝ ենթակառուցվածքներ, ճանապարհաշինություն, ատկատների»:
2013-ին ՀՀ-ն եվրոբոնդեր տեղաբաշխելու միջոցով 700 մլն դոլարի պարտք վերցվեց՝ տարեկան 6.25 տոկոսադրույքով եւ 7 տարի մարման ժամկետով: Թե ինչ տվեց եվրոբոնդերի թողարկումը Հայաստանի տնտեսությանը, տնտեսագետ Գագիկ Մակարյանը դժվարանում է ասել. «Նախկին եվրոբոնդերը ոչինչ չտվեցին, ուտոպիա էին, անձամբ ես ոչինչ չհասկացա, հիմա ավելի խնամքով դա կանեմ, քանի որ նախկին կառավարության ժամանակ էր արվել, հիմա մեր երկրում որևէ բան չի զարգանում, եթե հայեցակարգ չկա»:
2020-ին Հայաստանը պետք է պետական պարտքի մարմանն ուղղի մոտ 800 մլն դոլար։ Սա տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համար ամենավատ տարին է լինելու. «Բյուջեի 1/3 պետք է պարտք սպասարկենք»:
Ոլորտի պատասխանատուները շարունակում են պնդել՝ պարտքը կառավարելի է, այժմ այն փորձում են կայունացնել՝ դեֆիցիտը՝ կայունացնելու միջոցով: Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյան.«Երկու տոկոսային կետ կարողացել ենք պարտք քիչ ներգրավել»:
Պարտքի շեմի նվազեցման միտում տեսնում է նաև Գագիկ Մակարյանը: Նա անհանգստանալու կարիք չի տեսնում, վստահ է՝ տնտեսական աճը առաջ կընկնի արտաքին պարտքից:
ՀՀ պետական պարտքը 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 280 մլրդ դրամ կամ 6 մլրդ 775 մլն դոլար։ Այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտքը շուրջ 3 տրլն դրամ է կեմ 6 մլրդ 173 մլն ԱՄՆ դոլար։ Կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը տարեվերջին կազմել է 54.3%:
Կառավարությունը հավաստիացնում է, որ պետական պարտքը թույլատրելի սահմաններում է։ Ավելին՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2018-ին կնվազի մինչև 52.9%. այսինքն՝ պարտքի բեռը կթեթևանա։
2018-ին պետական պարտքի սպասարկման գծով նախատեսվում է ուղղել 326 մլն դոլար, որից 186 մլն դոլարը՝ ներքին պարտքի գծով (պետական դրամային պարտատոմսեր), 120 մլն դոլարը՝ արտաքին պարտքի գծով։




