

Անտառապահների փոխարեն այսուհետ Հայաստանի անտառները ռենջերները կհսկեն: Պատասխանատուները կարծում են, որ այսպիսով անտառները վերահսկելի կդառնան: Այս տարի առաջին անգամ պետական բյուջեից գումար է հատկացվել «Հայանտառ» ՊՈԱԿ ին:
Անտառը բիզնե՞ս է, թե՞ ոչ. տարիներ շարունակ բնապահպանների ու պատասխանատուների կարծիքները տարբեր էին: ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, բնապահպանական նախկին տեսչության եւ «Հայանտառի» նախկին 13 աշխատակից մեղադրվում են մեծ ծավալներով ծառերի ապօրինի հատումների, այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ կաշառք ստանալու եւ տալու, նաեւ կաշառք ստանալու օժանդակության համար: Հարուցվել է 4 քրեական գործ:
Բնապահպանները շարունակում են պնդել՝ անտառը ապօրինի հատում են բիզնես նպատակներով:
Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի փոխանցմամբ, Դիլիջան ազգային պարկում սկսված ստուգումների արդյուքնում մոտ 6330 հատված ծառ են հայտնաբերել: Ստուգվել էր ամբողջ տարածքի մոտ 60 տոկոսը:
Անտառապահներին առաջիկայում ռեջներները կփոխարինեն՝ զինված մարդիկ կլինեն, ովքեր հատուկ ծառայություն կիրականացնեն անտառների տարածքում: Նրանք կունենան նաև զենք ու տարածքը վերահսկելու հնարավորություն: «Հայանտառ» ՊՈԱԿ ի տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի փոխանցմամբ, առաջին անգամ բյուջեից հատկացումներ են արվել Հայանտառ ՊՈԱԿ-ին՝ տասնամյակի ընդմիջումից հետո:
Միայն անտառ տնկելը քիչ է՝ ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը:
Նույն տրամաբանությամբ, եթե Գեղարքունիքի մարզում աշխատատեղեր չլինեն, տեղացիները կրկին որպես ապրուստի միջոց ձուկն են դիտարկելու: Միայն թե աշխատատեղեր ստեղծելու համար դեռ ներդրումներ են անհրաժեշտ:




