

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2018 թ. մարտի 31-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխություն, որը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի բնորոշմամբ՝ ի մի կբերի և հանրությանը կներկայացնի տարվա ընթացքում ստեղծված հայ դասական և ժամանակակից երաժշտարվեստի լավագույն նմուշները:
Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ստեղծագործական խումբը խոստանում է՝ «Ծիծեռնակ»-ը դարձնել տարվա գլխավոր երաժշտական իրադարձությունը:
Մշակույթի նախարարությունում այսօր ազդարարեցին «Ծիծեռնակ 2018» ազգային երաժշտական մրցանակաբաշխության մեկնարկը: Մրցանակաբաշխություն, որն, ըստ նախարար Արմեն Ամիրյանի, կարող է դառնալ լավ խթան և՛ կատարողական, և՛ կոմպոզիտորական արվեստի զարգացման գործում:
«Փորձելու ենք արժևորել լավագույններին և փաստել, որ մեր օրերում ստեղծվում է շատ ավելի բարձրարժեք երաժշտություն, քան այն, ինչ հաճախ մատուցվում է»:
Մշակույթի նախարարը ներկայացրեց ստեղծագործական թիմի անդամներին, որոնք 2018-ի մարտի 31-ին կապահովեն «Ծիծեռնակ»-ի գեղեցիկ ու բարեհաջող «թռիչքը»:
Ամենամյա այս մրցանակաբաշխությունը ՀՀ մշակույթի նախարարությունը հիմնադրել է անցած տարի: «Ծիծեռնակ-2018»-ի պրոդյուսերական «ղեկը» ստանձնած Տիգրան Վիրաբյանն ասում է.
«Մրցանակաբաշխության կարևորագույն նպատակն է՝ տարվա ընթացքում ստեղծագործական ձեռքբերումներով աչքի ընկած արվեստագետներին արժանիորեն գնահատել հենց Հայաստանում: Շատ ուրախ եմ, որ «Ծիծեռնակ»-ը երկրորդ կյանք ստացավ, որով և այդ նպատակն իրականացնելու հնարավորություն ստեղծվեց»:
Արժանիներին հայրենիքում գնահատելու կարևորությունն ընդգծեց նաև երաժշտական պրոդյուսեր Հայկոն ( Հայկ Հակոբյանը):
«Շատ ուրախ եմ, որ այս մրցանակաբաշխությունում մեծ տեղ է տրվում դասական և ազգային ժանրերում ստեղծագործող խմբերին ու անհատներին»:
«Ծիծեռնակ-2018» ազգային երաժշտական մրցանակաբաշխության ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, որը խոստացավ անակնկալներով լի գեղեցիկ համերգային շոու:
«Կլինեն մրցանակներ, Կարմիր գորգ, որով կանցնեն երաժշտարվեստի հայտի ու հետաքրքիր դեմքեր: Չեմ ուզում խոստումներ տալ, բայց վստահեցնում եմ, ամեն ինչ կանենք, որպեսզի «Ծիծեռնակ»-ը դառնա տարվա գլխավոր մշակութային իրադարձությունը»:
Արմեն Ամիրյանի՝ ստեղծագործական խմբին տրված հանձնարարականն է՝ «Ծիծեռնակ»-ը չդարձնել զուտ երևանյան մրցանակաբաշխություն: Անել հնարավորը, որպեսզի այն բացահայտի ու արժանին մատուցի նաև Հայաստանի մարզերում, Արցախում ու Սփյուռքում ստեղծագործող լավագույններին:
«Ծիծեռնակ»-ի գեղեցիկ ու բարեհաջող թռիչքն ապահովելու գործում իր ծանրակշիռ դերն ունի պրոֆեսիոնալ ժյուրին: Կազմակերպիչները վստահեցնում են՝ ժանրային տարբեր հանձնաժողովներում ղեկը վստահվել է լավագույններին:
Մրցանակաբաշխության «գեղեցկուհի» մրցանակի՝ ծիծեռնակի հեղինակը հայտնի դիզայներ Արման Նուռն է:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 28-ը:
Պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի խոսքով, բանակցում են, որպեսզի «Ծիծեռնակ»-ը հեռարձակվի ուղիղ եթերում՝ ոչ միայն հանդիսատեսին, այլև հեռուստադիտողին բավականություն պատճառելու նպատակով:




