

Իրանական մշակույթը Երևանում նաև տիկնիկների տեսքով. Դարան ու Սարան արդեն Տիկնիկների պատկերասրահում են:
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Հոսեյն Շիրխանին այսօր Երևանի տիկնիկների պատկերասրահին է նվիրել իրանական մշակույթը ներկայացնող երկու տիկնիկներ՝ խոստանալով, որ առաջիկայում երկուսին կմինան ևս 8-ը:
Իրանի դեսպանատան ներկայացուցչի համոզմամբ, այսպիսով Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների համար Երևանում ևս մեկ «գայթակղիչ» հասցե է ստեղծվում:
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Հոսեյն Շիրխանին այսօր Երևանի տիկնիկների պատկերասրահում էր՝ ոչ միայն հյուրի, այլև նվիրատուի կարգավիճակով:
Իրանի դեսպանատան ներկայացուցչի՝ Պատկերասրահին նվիրած Դարան և Սարան (իրանական ամենահին անուններով աղջիկ և տղա) Իրանում հայտնի տիկնիկագործ Ֆարզանե Բաբայի ստեղծած աշխատանքների մոտիվներով են:
«Տարիներ առաջ Ֆարզանե Բաբայը նկատեց, որ պարսիկ երեխաները խաղում են հիմնականում եվրոպական ու ամերիկյան արտաքին ունեցող տիկնիկներով, ինչը չէր համապատասխանում նրանց առօրյա կյանքին ու պատկերացումներին: Պատկերացրեք՝ ամերիկյան Բարբի տիկնիկը պարսկական գյուղում: Հավանաբար ինքն էլ իրեն հարմար չէր զգում այդ միջավայրում»:
Պարսիկ տիկնիկագործը որոշում է՝ ստեղծել ազգային տիկնիկներ, որոնք երեխաներին հնարավորություն կտային ծանոթանալու իրենց մշակույթին, տարազին, սովորույթներին…»:
Հոսեյն Շիրխանիի տեղեկացմամբ, շուրջ 25 տարի առաջ Իրանում հենց այսպես էլ «ծնվեցին» Դարան ու Սարան: Նույն անուններով ստեղծվող տղաներն ու աղջիկները ներկայացնում են Իրանի ամենատարբեր շրջանները՝ հագուկապով, դիմագծերով, անգամ՝ խառնվածքով: Պատկերասրահին նվիրած երկու տիկնիկները Իրանում ապրող քրդերի պատկերով են:
Ինչո՞վ հետաքրքրեց Ձեզ Երևանի Տիկնիկների պակերասրահը, հարցին Հոսեյն Շիրխանին արձագանքեց.
«Անկեղծ ասած, շատ պատահական ստացվեց: Մեր ընկերներից մեկն ասաց, որ Երևանում նման ցուցասրահ է բացվել: Մեզ շատ հետաքրքրեց գաղափարը, որովհետև այստեղ և՛ ազգային մշակույթն է, և՛ տարազը, և՛ մարդկանց ապրելակերպը…
Քանի որ Իրանում ևս զարգացած է տիկնիկագործությունը, մտածեցինք, որ սա կարող է լինել այս ոլորտում համագործակցելու առաջին քայլը»:
Առաջինին հաջորդելիք համագործակցության հետագա քայլերն ուրվագծվեցին՝ Պատկերասրահի տնօրինության ու Իրանի դեսպանատան ներկայացուցչի պայմանավորվածությամբ. փոխադարձ այցելություններ, ցուցադրություններ Հայաստանում և Իրանում: Հանդիպմանը ներկա հայ տիկնիկագործներն էլ երկու երկրներում ցուցահանդես-վաճառք կազմակերպելու առաջարկությամբ հանդես եկան:
«Հայաստանն ու Իրանը հրաշալի համագործակցում են տնտեսական ու քաղաքական ոլորտներում, և այդ համագործակցության հիմքում, իհարկե, մշակույթն է, մշակութային ընդհանրությունները»,-ասաց դեսպանատան ներկայացուցիչը:
Հոսեյն Շիրխանիի համոզմամբ, անհրաժեշտ են ավելի շատ քայլեր՝ միմյանց մշակույթը բացահայտելու, այն ներկայացնելու ուղղությամբ: Երևանի տիկնիկների պատկերասրահում հանգրվանած իրանցի տիկնիկները, որոնց հետագայում կմիանան ևս ութը, դեսպանատան պաշտոնյայի խոսքով, դեպի Պատկերասրահ կձգեն Հայաստան այցելող իրանցի հազարավոր զբոսաշրջիկներին: Այսպիսով, ստեղծվում է Երևանյան ևս մեկ «գայթակղիչ» հասցե իրանցիների համար:




