Հասարակություն

Շարժական արագաչափերը կգործեն փետրվարի 8- ից


Հաշվի առնելով, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումներն են, պատահարների կանխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կողմից փետրվարի 8-ից կկիրառվեն շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր:

Ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների մասին իրենց պատկերացումն ունեն նաև Ավտովարորդների պաշտպանության լիգա իրավաբանական անձանց միության անդամները:

Մինչ ՃՈ-ը փորձում է ավելացնել տեսահսկող սարքերը, լիգայի անդամները վթարների պատճառ մատնանշում են վարորդների անփորձությունն ու ավտոդպրոցների բացակայությունը:

 

Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը տեղի է ունենում կամ ալկոհոլի չարաշահման, կամ անփորձության, կամ էլ ճանապարհների անբարեկարգ լինելու պատճառով՝ կարծում է Ավտովարորդների պաշտպանության լիգա իրավաբանական անձանց միության իրավաբան Մհեր Շահնազարյանը:

Ըստ նրա՝ վարորդ դառնալու համար պետք է հաղթահարել որոշակի փորձություններ: Ճիշտ է, մեր երկրում կարգավորված է վարորդական իրավունք ստանալու կարգը, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վարորդները պարտավոր չեն որոշակի դասընթացների մասնակցել:

Եթե Մհեր Շահնազարյանի համար գլխացավանք են անփորձ վարորդները, ապա Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը իսկական գլխացավանք է համարում ճանապարհների վրա տեղադրված տեսանկարահանող սարքերը:

Իսկ վարորդներն ինչպես են բացատրում ՃՏՊ- ների նման աճը, հարցրեցինք հենց իրենցից:

Այն, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է՝ հաստատեցին նաև ՃՈ-ից: 2017 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը շուրջ 300-ով աճել է:

Այս հանգամանքը, սակայն, պայմանավորված է ՀՀ տարածք ներմուծված մեքենաների թվի աճով, «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանեց ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Խաչատուր Սամվելյանը։

Նա այդպես էլ չհասկացավ, թե ինչ նկատի ուներ Տիգրան Հովհաննիսյանը՝ նշելով, թե պատահարների հիմնական պատճառը տեսանկարահանող սարքերն են:

Ավելին՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու նպատակով փետրվարի 8-ից կկիրառվեն շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր:

ՃՈ-ն հորդորում է բոլոր վարորդներին` պահպանել երթևեկության կանոնները ճանապարհների բոլոր հատվածներում՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ հատվածները հատուկ տեխնիկական միջոցներով կամ ճանապարհապարեկային ծառայության ուժերով և միջոցներով վերահսկվում են, թե՝ ոչ:

Կարդացեք նաև

Back to top button