Միջազգային

Քրդերից բացի Աֆրինում վտանգված է շուրջ 30 հազար եզդիների կյանքը

Այսօր Հայասատնի քրդերը եւ եզդիները միասին բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ սիրիական Աֆրինի դեմ թուրքական ագրեսիայի, եւ իրենց կոչը փոխանցել ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակին՝ միջազագյին հանրության ուշադրությունը հրավիրելով խաղաղ բանակիչների շրջանում ամեն օր գրանցվող զոհերի վրա: Ի՞նչ իրավիճակ է այսօր Սիրիայում:

Սիրիայի հյուսիսային շրջաններում շարունակվում են ռազմական գործողությունները քրդերի եւ թուրքերի միջեւ: Ըստ ռազմական գործողությունների Անկարայի ծրագրի՝ այն պետք է ավարտվեր 6 օրվա ընթացքում, սակայն ոչ միայն չի ավարտվում, այլեւ իրավիճակն անորոշ է դառնում։ Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ ԱՖրինը սիրիական տարածք է, եւ սիրիացիները մտահոգված են ռազմական վերջին զարգացումներից

«Ընդհանրապես սիրիացիները մերժում են որեւէ օտար ռազմական ուժի առկայություն սիրիական տարածքներում, եթե վերջինս տեղի է ունենում առանց Սիրիայի կառավարության համաձայնության: Սա պաշտոնապես համարում ենք ագրեսիա»:

«Ռադիոլուրի» հետ զրուցում մեր երկրում Քրդերի միության նախագահ Կնյազ Հասանովը տեղի ունեցող ռազմական ներխուժումը համարում է քրդերի դեմ իրագործվող ցեղասպանություն: Քրդերն այսօր «Մահ կամ ազատություն» կարգախոսով են դիմակայում թուրքական զինուժին՝ մարդկային ահռելի եւ ռազմական տեխնիկայի կորուստներ պատճառելով:

«Թուրքական պետությունը գնացել է պատերազմի, եւ քրդերի հետ ոչ մի կոմպրոմիս չկա՝ քրդերին ոչնչացնելու քաղաքականություն է իրականացվում:  Սրա հետեւանքն էլ՝ քրդերը մինչեւ վերջ պետք է պայքարեն»:

Քրդերի միության նախագահը պաշտոնական Դամասկոսից կոշտ արձագանք է ակնկալում: Սիրիական կառավարական ուժերը պետք է աջակցեին քրդերին, քանի որ թուրքերը հատել են Սիրիայի պետական սահմանը: Ի՞նչ քաղաքականություն է վարում Ասադը, որ չի պատասխանում թուրքական ագրեսիային՝ ասում է Հասանովը: Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանն իր մեկնաբանությունն է ներկայացնում:

«Կառավարական ուժերը արդեն իրենք իրենց աշխատանքը իրականացնում են եւ օժանդակություն ցուցաբերում:  7 տարի է Սիրիան իր բանակի օգնությամբ պայքարում է ահաբեկչական ուժերի դեմ: Պետք է նշեմ, որ Աֆրինի խնդիրը բավականին լարված միջավայր է, նախ՝ աշխարհագրորեն դժվար տարածաշրջան է, իսկ ռազմականորեն միջազգային խճճված մի ամբողջական փաթեթ է ներկայցնում»:

Քրդերից բացի Աֆրինում վտանգված է շուրջ 30 հազար եզդիների կյանքը՝ բարձրաձայնում են մեր երկրում բնակվող եզդիները՝ իրենց բողոքը հայտնելով միջազգային հանրությանը: Այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ իրենց բողոքի ցույց էին կազմակերպել եզդիներն ու քրդերը՝ նշելով, որ ժամանակին ԱՄՆ, ՌԴ իրենց շահերից ելնելով ԻՊ դեմ պայքարում օգտագործեցին քրդերին, իսկ այսօր նրանց որպես թնդանոթի միս են օգտագործում:

Կարդացեք նաև

Back to top button