

2016 թ ապրիլին ամենաշատ տուժած բնակավայրը Թալիշն էր: Բայց 2017 թվականից սկսված «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Թալիշում մեծածավալ շինաշխատանքներ են իրականացվում:
Մարտակերտի վարչական շրջանի Թալիշ գյուղում այս պահին շարունակվում են շինարարական աշխատանքները։ Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց, որ Թալիշում արդեն 17 բնակելի տուն պատրաստ է շահագործման:
Նշենք, որ բնակչության համար նախատեսված է կառուցել ապաստարաններ: Համայնքի կենտրոնական փողոցի աշխատանքները ևս սկսված են: Ամբողջովին փոխվել է նաև Թալիշի ջրամատակարարման ներքին ցանցը: Գյուղապետ Վիլեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ գյուղում դեռևս ապրում են միայն տղամարդիկ, բայց մեկ ընտանիք արդեն տեղափոխվել է մշտական բնակության:
Նշենք, որ Հայաստան համահայկական ծրագրի շրջանակներում ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանի նվիրաբերած 5 միլիոն դոլարն ուղղվելու է հենց Թալիշի վերակառուցմանը։
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը տեղեկացրեց, որ մինչև սեպտեմբեր թալիշցիները կարող են վերադառնալ գյուղ և մշտական բնակություն հաստատել այնտեղ:




