Հասարակություն

Ջրաչափերի տուգանքները, սպառողների զայրույթն ու անվրդով «Վեոլիա ջուրը»

Վերջին շրջանում «Ռադիոլուր»-ը մի շարք քաղաքացիներից ստացել է ահազանգեր, որ ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետները եկել ու հին ջրաչափերը փոխարինել են նորերով:

Բայց փոխելուց հետո իրենց հին ջրաչափերի մասով ավելի քան 43 հազար դրամի տուգանքի ակտեր են ուղարկել՝ պատճառաբանելով, թե դրանց աշխատանքին միջամտություն են արձանագրել, ինչի մասին, սակայն, իրենց ոչ տեղում, ոչ նախապես ոչինչ չի ասվել:

Քաղաքացիների բողոքների հետքերով «Ռադիոլուրն» է գնացել:

Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի ամսից «Վեոլիա ջուր» ընկերության հետ տարաձայնություններ ունի: Տանը աշխատանքների ժամանակ խոհանոցի ջրաչափը վնասել է, անձամբ զանգ տվել ընկերություն, տեղեկացրել: Արագ արձագանքել են, տեսուչները եկել ու խոհանոցի ջրաչափի հետ լոգարանի ջրաչափն էլ են ջրաչափերի ընդհանուր փոփոխության ծրագրով հանել ու գնացել: Օրեր անց Տիգրանն ստացել է 97 700 դրամի տուգանքի ակտ: Պատճառաբանվել է՝ երկու ջրաչափերի վրա էլ արտաքին միջամտություն է եղել: Զրուցակիցս նյարդայնացած է՝ լոգարանի ջրաչափը ոչ մի խնդիր չի ունեցել: Ինչո՞ւ են տուգանել՝ մինչ օրս չի հասկանում, բողոքին էլ պատասխան չի ստացել:

Մյուս զրուցակիցս Կարինե Տոնոյանն է՝ վրդովված «Վեոլիա ջրի » հետ նույնատիպ խնդրից: Ջրամատակարար ընկերությունից նրան էլ են այցելել, գործող ջրաչափը նորով փոխարինել, բայց հինը տանելուց հետո տուգանքի ակտ ուղարկել՝ կապարակնիքի բացակայության պատճառաբանությամբ: Կարինեն տարակուսում է՝ ինչո՞ւ տեսուչը հենց այդ պահին չի ակտավորել, չի տեղեկացրել խնդրի մասին: Բացի այդ՝ զրուցակիցս ամեն ամիս նկարել ու տեսազանգով ուղարկել է ջրաչափի ցուցմունքները: Այդ նկարներում ջրաչափի կապարակնիքը երեւում է: Տեսուչի հանելուց հետո է անհետացել՝ պնդում է Կարինե Տոնոյանը:

Սպառողների խորհրդատվության կենտրոնի տնօրեն Կարեն Չիլինգարյանը տեղյակ է խնդրին. իրեն էլ են դիմել ու ինքն էլ պատրաստ է զբաղվել դրանցով: Զրուցակիցս, ի գիտություն սպառող-բաժանորդների, շեշտում է՝ ջրաչափն ապամոնտաժելու պահին առկա խնդիրը  պետք է տեղում պարտադիր ակտավորվի, նշվեն առկա թերությունները, ու դրա տակ պետք է ստորագրեն եւ տեսուչը, եւ սպառողը: Ջրաչափը քանդել-տանելուց հետո ասել, թե, օրինակ, կնիքը բացակայել է, արդեն կոպիտ խախտում է: Նկարեք, երբ փոխում են ձեր ջրաչափը ու պահանջեք արտաքին զննման եզրակացությունը՝ խորհուրդ է տալիս Չիլինգարյանը սպառողին:

«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակը Մուրադ Սարգսյանը «Ռադիոլուր»-ին պարզաբանում է՝ սա տուգանք չէ, այլ, ըստ կառավարության կարգի, ջրաչափերի ցուցմունքի ու վիճակի ճշգրտում: Կա արտաքին միջամտություն, կա արձագանք: Սարգսյանը համաձայն չէ, թե դեպքերը համատարած են. նոյեմբերի տվյալով՝ 6-7 տոկոս բաժանորդների մոտ է՝ կնիքը պոկված է, ասեղ են մտցրել, միջամտել են ջրաչափին:

 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նման բողոքներ չեն ստացվել: Դիմեն՝ կսկսենք զբաղվել՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում խոստանում են հանձնաժողովից ու նաեւ վստահեցնում՝ ամեն ջրաչափ զննվում է ազգային չափագիտական փորձաքննությամբ, եզրակացություններն էլ օդից չեն տրվում: Իսկ օդի՞ց են արդյոք քաղաքացիների դժգոհությունները, մնում է հարցի մյուս կողմը:

Կարդացեք նաև

Back to top button