

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող սիրիահայերի համար դեկտեմբեր- հունվար ամիսներին կազմակերպվել էր «Հաջող սկիզբ» դասընթացը: Մասնակից 35 սիրիահայերն այսօր հավաստագրեր ստացել: Նրանցից 27-ը կօգտվեն հատուկ սիրիահայերի համար նախատեսված արտոնյալ պայմաններով վարկերից: Տրամադրվող գումարը երեք միլիոնից դարձել է հինգ միլիոն դրամ, տոկոսադրույքն էլ տասից իջեցվել է չորսի: Սա պետական հերթական աջակցությունն է սիրիահայ գործարարներին։
Դասընթացների ընթացքում նրանք մանրամասնորեն ծանոթացել են Հայաստանի հարկային ու մաքսային օրեսնդրության հետ: Հարություն Քվասյանը շուրջ երկու ամիս է, ինչ Հայաստանում է , ցանկանում է այստեղ էլ զբաղվել նույն աշխատանքով, ինչ ծննդավայրում։
Հարությունը ցանկանում է հինգ միլիոն դրամ վարկ ստանալ, սակայն, դեռ չգիտի, թե որքան գումար կտա ՓՄՁ ԶԱԿ-ը: Գումարն էլ, ի դեպ, գործիքներ գնելու նպատակով է ցանկանում վերցնել: Մասնակցել է ՓՄՁ ԶԱԿ-ի դասընթացներին, ծանոթ է հարկային օրենսդրությանը։
Հայաստանում բնակվող սիրիահայերը երկու հիմնական բնակարանի և աշխատանքի խնդիր։ «Ըստ ոլորտների աջակցում ենք , որպեսզի սիրահայերը հանդիպեն կայացած գործարարների, պետական մառավարման մարմինների ներկայացուցիչների հետ»,- ասում է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքի նախարարը կարևորում է հատկապես սիրահայ ոսկերիչներին աջակցություն ցուցաբերելուն ուղղված միջոցառումը։
«Մոտավորապես 80 ոսկերիչ ունենք Հայաստանում: Մենք ոսկերչական գործարանում մեծ հանդիպում կազմակերպեցինք, որովհետև մեր հայրնակիցներին անհանգստացնում են մուտքի ու ելքի խնդիրները, հարկային ու մաքսային հարցերը: Նաև մենք ստեղծել ենք մի խումբ, որն իրավական խորհրդատվություն է ցուցաբերում»:
Հարկային օրենսդրության հետ կապված՝ սիրիահայ գործարարները ընդհանուր առմամբ չնայած գոհ են պետական աջակցությունից, սակայն ասում են, որ օրինակ Սիրիայում սկսնակ գործարարները վեց ամսից մինչև մեկ տարի ժամանակով ազատվում են բոլոր տեսակի հարկերից:
Հրայր Ագիլյանը մեկ ու կես ամիս է, որ փայտամշակմամբ է զբաղվում Հայաստանում: Աշխատանք ունի, սակայն, այնքան էլ գոհ չէ, տարբերություններ շատ կան ասում է ու հույս հայտնում, որ հավանաբար կհաղթահարի դրանք։
«Սիրիայի մեջ վարժված էին, որ որևէ մեկ հիմնարկ, որ կհիմնիս, վեց ամիս կամ մեկ տարի հարկայինը քեզ չպիտի մոտենա: Հարկայինն արդեն դռանը կեցած է: Ես կրնամ հաղթահարել այս պրոբլեմը, բայց իմ ազգակիցները, որ եկած են, չեմ կարծեր, որ կարենան դյուրին-դյուրին ազատվել»,- ասում է։
Աշխատանքին զուգահեռ փորձ է արվում նաև ինչ-որ կերպ լուծել սիրահայերի բնակարանների խնդիրները: Հրանուշ Հակոբյանը նկատում է, որ որևէ սիրիահայ դրսում չի մնացել, նրանք բնակարաններ են վարձել, սակայն նախարարությունը խրախուսում է , որ սիրիահայերն այստեղ բնակարաններ գնեն:
Աշտարակի, Էջմիածնի ու Մասիսի քաղաքապետարանների հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի վերջիններս հող հատկացնեն ու փոքրիկ թաղամասեր ստեղծեն սիրիահայերի համար: Քաղաքների ընտրությունը պատահական չէ։
«Մենք ընտրել ենք այնպիսի տարածք, որը կենտրոնից ընդամենը 15 րոպեի ճանապարհ է»,- ասում է նախարարը եւ ավելացնում, որ որեւէ մեկին չեն պարտադրում մարզում բնակվել։