Հասարակություն

Բուհական բարեփոխումներից կլինեն նաեւ տուժողներ. փորձագետ

Կառավարությունը վերջին նիստի ժամանակ հաստատել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություն կատարելու մասին որոշումը։

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով, սա տարիների աշխատանքի արդյունք է։ Այս օրենքի ընդունումից հետո մեր բարձրագույն կրթության համակարգում պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ՝ շեշտում է նախարարը։

Այս փոփոխությունը դրական է համարում նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, թեև միևնույն ժամանակ կարծում է, որ այդ որոշումը  պետք է թողնվեր բուհերի վրա: Ըստ նրա՝ առանձին դեպքում կլինեն նաև տուժողներ:

 

 

«Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքով հեղափոխական փոփոխություններ են նախատեսվում: Դրանցից մեկն էլ վերաբերում է բուհերում հեռակա ուսուցման հնարավորության դադարեցմանը:

Անցում է կատարվում ամբողջական կամ մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպմանը: Բայց քանի որ այս գործընթացում բավական մեծ աշխատանք կա կատարելու, անցումը նախատեսվում է երրորդ ուսումնական տարում, ասում է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Ուսանողն ինքը ընտրություն կկատարի ամբողջական եւ մասնակի բեռնվածությամբ ուսումնառության տարբերակների միջեւ:

Այս փոփոխությունն ամբողջությամբ կներդրվի երեք տարի հետո, որովհետեւ վերանայվելու է ուսուցման ամբողջ գործընթացը: Հնարավորություն է տրվելու, որ ուսանողն ընտրի իր դասաժամերը, իր դասախոսին եւ այլն, եւ այլն: Սրան բուհական համակարգը պետք է պատրաստվի:

Անկախ այն բանից՝ դիմորդն ուսումնառության համար կընտրի ամբողջական, թե մասնակի ծանրաբեռնվածություն, վարձավճարը մնալու է նույնը, որովհետեւ նա վճարելու է կրեդիտի համար, իսկ կրեդիտը նույն 240-ն է: Իսկ ինչ են կարծում այս փոփոխության մասին կրթության փորձագետները: Սերոբ Խաչատրյանն օրինակ դրական է վերաբերվում այս փոփոխությանը, առավել ևս երբ սրանով վերանում է հեռակա ձևական ուսուցումը:

Այսօր կրթական համակարգն է հարմարվում ուսանողին: Այսինքն՝ եթե ուսանողն աշխատում է, ոչ թե ուսանողն է հարմարեցնում իր աշխատանքը ուսմանը, այլ բուհն է հարմարվում նրա ազատ ժամերին: Իսկ ահա այս նոր օրենքով  բուհն աշխատող ուսանողին հնարավորություն է տալիս, որ ինքը որոշի քանի տարում ավարտի բակալավրիատը՝ 4 թե 8:

Ամեն դեպքում՝ հաշվի առնելով այս փոփոխության ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը, կրթության փորձագետը կարծում է, որ լավագույն լուծումը կլիներ, եթե այդ որոշումը թողնվեր բուհերին։  Որոշումն ընդհանուր առմամբ լավն է, բայց առանձին դեպքում կլինեն նաև տուժողներ՝ կարծում է փորձագետը:

Կարդացեք նաև

Back to top button