Կարեն Կարապետյանը մեկնել է Շվեյցարիա
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:
2009 թվականից հետո մեր երկիրը տնտեսական այս համաժողովին չէր մասնակցում՝ տարբեր պատճառաբանություններով՝ ֆինանսներ չկան, աշխատանքային գրաֆիկն է ծանրաբեռնված:
Ավելին, անցյալ տարի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, կարևորելով համաշխարհային տնտեսական ֆորումը, հայտարարել էր՝ ներդրումներ ներգրավելու համար Դավոսը միակ հարթակը չէ:
Վերջին անգամ Հայաստանը մասնակցեց Դավոսին 2009 թ-ին՝ ՀՀ նախագահի մակարդակով։ Սերժ Սարգսյանը հենց այս ֆորումի շրջանակներում հանդիպեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ: Անցյալ տարի նույն այս օրերին, երբ մի քանի ամիս էր , ինչ ձևավորվել էր Կարեն Կարապետյանի կառավարությունը, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարեց՝
«Աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, հնարավորություն չեղավ մասնակցել Դավոսի համաժողովին»:
Եվ ահա, մեկ տարի անց մեր երկիրը մասնակցում է համաշխարհային տնտեսական ֆորումին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Դավոսում է: Այս տարի ամենամյա տնտեսական ֆորումը կրում է «Ստեղծելով ընդհանուր ապագա մասնատված աշխարհի համար» խորագիրը։
Նպատակն է՝ վերականգնել միջազգային համագործակցությունը՝ ուղղված գլոբալ մարտահրավերների դիմակայմանը: Ֆորումի շրջանակում նախատեսվում են տարբեր ձեւաչափերի 400-ից ավելի քննարկումներ:
Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝
«Մեզ անհրաժեշտ է ունենալ հստակ օրակարգ, առանց դրա Դավոսը դառնում է ինքնանպատակ, եւ թանկ դա թանկ հաճույք է»:
Զրուցակիցս որպես օրինակ Չինաստանն է մատնանշում։ Դավոսի մեկնարկից հետո ամեն տարի այս երկիրը մասնակցում էր համաժողովին՝ աստիճանաբար կառուցելով զարգացման իր մոդելը:
«Մեզ անհրաժեշտ է ունենալ հստակ թիրախներ»:
Որպես թիրախներ տնտեսագետը գիտությունն ու գիտատար ոլորտներն է առանձնացնում, նշում է, որ պետք է տնտեսության զարգացման ազգային մոդելներ ձևավորել: Նախորդ տարիների մասնակցությունը Հայաստանի տնտեսությանը տվե՞ց էական արդյունք, հարցնում եմ Թաթուլ Մանասերյանին:
«Ոչ չի տվել, եւ չէր էլ կարող տալ»:
Ծովի մակերևույթից մոտ 1500մ բարձրության վրա գտնվող շվեյցարական գյուղաքաղաքում նախկինում հավաքվում էին թոքախտով հիվանդ եվրոպացի հարուստները՝ թարմ, սառը օդ շնչելու նպատակով: Այս տարի համաժողովի բոլոր համանախագահները կանայք են լինելու՝ ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը, Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը եւ այլն։
Այսինքն՝ այս տարի նաեւ ֆորումն այսպես ազդարարելու է հաջողակ կանանց մասին։ Իսկ հաջողա՞կ են արդյոք հայ կանայք բիզնեսում: Զրուցակիցս հաջողակ գործարար է մի ոլորտում, որտեղ միայն տղամարդիկ են ներգրավված ՝ հանքարդյունաբերությունում։ Սիլվա Համբարձումյանի կարծիքով՝
«Մեր երկրում կանայք լուրջ բիզնեսով չեն կարողանում զբաղվել: Նրանք հիմնականում զբաղվում են գեղեցկության սրահներով»:
Գործարարի դիտարկմամբ, մեր երկրում հնարավոր է բիզնեսով զբաղվել:
« Տղամարդիկ ավելի համառ են, սակայն, կանայք այս հարցում նրանց չեն զիջում»,- եզրափակում է գործարար Սիլվա Համբարձումյանը: