

2017-ի գրական անցուդարձի, պետական պատվերով ու աջակցությամբ հրատարկված գրքերի, ընդհանրապես ոլորտում իրականացվող պետական քաղաքականության մասին Ռադիոլուրը զրուցել է մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանի հետ:
«Գրքին առնչվող բոլոր ոլորտներում 2017 թվականին լուրջ ձեռքբերումներ ունեցանք: Անցած տարվա, ես կասեի անգամ վերջին տասնամյակի գրական կարևորագույն իրադարձությունը, թերևս, առաջին անգամ անցկացված՝ Գրքի երևանյան փառատոնն էր»:
Մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը անցած տարվա կարևոր իրադարձությունների թվում ընգծում է նաև մեր երկրի մասնակցությունը միջազգային տարբեր ցուցահանդեսներին: Դրանց թվում Ֆրանկֆուրտում կայացած աշխարհի ամենահեղինակավոր՝գրքի միջազգային ցուցահանդեսն էր: Տարվա ընթացքում պետական պատվերով ու աջակցությամբ հրատարակված ավելի քան հարյուր գրքերից Արմեն Սարգսյանն առանձնացնում է մի քանի անուններ.

«Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» (Արտավազդ Փելեշյան), Հովհաննես Այվազովսկուն նվիրված գիրք-ալբոմը, Հմայակ Բդեյանի՝ խեցեգործությանը նվիրված գիրք-ալբոմը, Լևոն Խեչոյանի՝ «Սև գիրք, ծանր բզեզ» -ը, որը 1998 թվականին շատ անշուք ու անորակ հրատարակություն էր ունեցել:
2017-ին հրատարակվեց նաև Գրիգոր Նարեկացու՝ «Ներբողներ և գանձեր»-ը, որը գրաբարից աշխարհաբարի է վերածել Վարդան Ֆերեշեթյանը: Հրատարակվեց աբսուրդի թատրոնի հիմնադիր Արթուր Ադամովի «Պիեսներ»-ը: Արմեն Սարգսյանի բնորոշմամբ՝ Սեմյուել Բեքեթին հավասար մեծություն, որը մինչ այդ չէր ունեցել հայերեն ամբողջական որևէ հրատարակություն:
«Երեք տարի առաջ մշակույթի նախարարությունը սկսեց հրատարակել թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանի անտիպները: Այս ընթացքում հրատարակվել են Վլադիմիր Նաբոկովի՝ «Ուրիշ ափեր», «Մահապատժի հրավեր» և «Հուսալքություն» երկերը՝ Հովհաննիսյանի թարգմանությամբ: Մնացել էին միայն Տոլստոյի «Խոստովանություն»-ը և «Օրագրերը», որոնք Արմեն Հովհաննիսյանի կինը՝ տիկին Լենան, ամբողջացրեց մեկ ժողովածուի մեջ: Նախարարության պատվերով այն հրատարակվեց 2017թվականին: Անցյալ տարի լույս տեսան նաև Հրանտ Մաթևոսյանի անտիպները, առաջիկայում տպարանից դուրս կգա Վազգեն Սարգսյանի պատմվածքների «Հատընտիրը», որը տպագրվել է ընտանիքի համաձայնությամբ ու խորհրդատվական աջակցությամբ: Վազգեն Սարգսյանի ստեղծագործությունները չէին հրատարակվել շուրջ 18 տարի, և շատերին անհասանելի էր մնացել արձակագիր Վազգեն Սարգսյանը, որը իսկապես հետաքրքիր դեմք է հայ արձակի պատմության մեջ»:

Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ, 2017-ին նախարարությունն ուներ նոր ուղղություն՝ «Առաջին գիրք», որը նոր անուններ բացահայտելու և նրանց ընթերցողին ներկայացնելու հնարավորություն տվեց:
«Հաճախ ինքներս, հետևելով ֆեյսքուբյան գրական լրահոսին, գրական մամուլին, գտնում էինք հետաքրքիր հեղինակներին ու առաջարկում հրատարակվել պետական աջակցությամբ: Այսպես ծնվեցին նոր ու անծանոթ հեղինակների բավականին հետաքրքիր գրքեր»:
Մշակույթի նախարարությունն ավանդաբար աջակցում է այն գրականությանը, որը, նախարարության ներկայացուցչի բնորոշմամբ, համարվում է ռիսկային: Այսինքն, դա այն գրականությունն է, որը չի հրատարակի մասնավորը՝ սեփական ներդրումներով:
«Հրատարակչությունը կարող է գումար ներդնել, բայց գիրքն իր վաճառքով չվերադարձնի այդ գումարը: Խոսքը վերաբերում է, օրինակ, սփյուռքահայ, հանրագիտարանային գրականությանը, Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացնող ժողովածուներին: Ռիսկային գրականության ցանկում են նաև վերը նշված՝ առաջին գրքերը, որոնց հեղինակներն ընթերցողին հայտնի չեն, և նրանք դեռ վերջինին ճանաչելի դառնալու խնդիր ունեն: Շատերը առաջին գրքից հետո լուրջ հաջողություն են ունենում, և կարող են արդեն ինքնուրույն հրատարկել իրենց հաջորդ գրքերը»:
Արմեն Սարգսյանի խոսքով, մշակույթի նախարարությունն ակտիվորեն արձագանքում է գրքին առնչվող հետաքրքիր բոլոր նախաձեռնություններին: Այդ առումով բացառություն չէ փետրվարի 19-ին նշվող «Գիրք նվիրելու օրը»: 2008-ից նշվող ու հանրության շրջանում սիրված այդ տոնին ընդառաջ, մշակույթի նախարարության ֆեյբուքյան էջում կրկին «կակտիվանա» «Ֆեյսգիրք» մրցույթը, որի մասնակիցները հնարավորություն կստատան շահելու նախարարության աջակցությամբ ու պատվերով հրատարակված գրքերը:




