

Հայաստանյան փորձագետները լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նկատել են, որ միջազգային կամ իրանական որեւէ փորձագետ Իրանի, այսպես ասած, սիրիականացում չի կանխատեսում:
Սակայն որոշները ցանկություն ունեն Իրանում բարեփոխումներ տեսնել կառավարման համակարգում, ներքին ու արտաքին քաղաքականության մեջ:
Հայ փորձագետները կարծում են, որ Իրանում իրավիճակը չի ապակայունանա, բայց կհանգեցնի բարեփոխումների, իսկ բարեփոխված Իրանը Հայաստանին առավել ձեռնտու է:
Վերլուծաբանները Իրանում ծավալված բողոքի ցույցերի տարբեր պատճառներ են նշում: Մեկ հարցում, կարծես, կա ընդհանուր մեկ հիմնական մոտեցում. ցույցերը սկիզբ առան որպես սոցիալ-տնտեսական իրավիճակից դժգոհություններ, ապա վերածվեցին քաղաքական բնույթի: Իրանագետ Արտյոմ Տոնոյան.
«Այժմ երկրի ամենաաղքատ խավն է ներգրավված ցույցերում, ինչը խոսում է այն մասին, որ իրապես ցույցերն ունեցել են նախապես սոցիալական բողոքի ֆոն: Այսինքն՝ սոցիալական խնդիրներով էր պայմանավորված: Այլ հարց է, որ հետագայում ուղղորդվեց տարբեր ուժերի կողմից»:
Ըստ իրանագետի՝ այժմ գործ ունենք ներքաղաքական պայքարի եւ հակամարտության հետ.
«Որը իրենից ներկայացնում է պայքար բարեփոխիչների եւ պահպանողականների միջեւ»:
Վերջին ընտրություններում հաղթեց Հասան Ռոհանին, որը խոսել է բարեփոխությունների մասին, մինչդեռ, մյուս կողմը պահպանողական էր եւ կարող էր որոշակի հավակնություններ դրսեւորել նաեւ այժմ՝ ստեղծված իրավիճակը հօգուտ իր թեւի օգտագործելու համար՝ նկատեց իրանագետը: Նրա խոսքով՝ արտաքին միջամտությունն էլ օբյեկտիվորեն հնարավոր էր: Իրանագետ Տիգրան Դավթյանը նկատում է, որ նման բողոքի ցույցեր՝ ավելի փոքր մասշտաբով, Իրանում միշտ են տեղի ունեցել, բայց միայն հիմա է, որ ավելի մեծ արձագանք ստացան: Դա պայմանավորված է նաեւ նրանով, որ կային հրահրողներ:
Ըստ իրանագետների՝ իրանահայ համայնքին ներկայումս որեւէ վտանգ չի սպառնում: Նրանք կարծում են, որ Իրանում ապակայունացումն, ընդհանրապես, բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի բոլոր երկրների վրա, այդ թվում՝ Հայաստանի, սակայն, փորձագետներն այս պային նման զարգացում չեն տեսնում:

Այլ է խնդիրը, որ Ադրբեջանում են ոգեւորվել եւ հարմար պահ են տեսնում՝ Իրանի հյուսիսում անջատողականություն բորբոքելու: Նման հավանականություն, սակայն, չի տեսնում իրանագետ Ռուբեն Մինասյանը:
Արտյոմ Տոնոյանի գնահատմամբ՝ ներկայումս թեպետ Իրանի իշխանությունները կարողացել են հաղթահարել անհնազանդությունը, սակայն, տարբեր քաղաքներում բողոքի ցույցերը լոկալ ձեւով շարունակվում են:
Ըստ նրա՝ թեպետ դրանք եւս կմարեն, սակայն, տեղի ունեցածը լրջագույն մտահոգության տեղիք է տվել, եւ գործող կառավարությունն ու հոգեւոր առաջնորդը լուրջ բարեփոխումների կարող են գնալ ինչպես պետական կառավարման համակարգում, այնպես էլ տնտեսական եւ սոցիալական ոլորտներում:
Իրանագետներ Տիգրան Դավթյանի ու Ռուբիկ Մինասյանի համոզմամբ նույնպես բարեփոխումներն Իրանում անխուսափելի են, իսկ բարեփոխված Իրանը շատ ավելի ձեռնտու է Հայաստանին:




