

Դրամա, տրագիկոմեդիա, ֆիլմ մի քանի դրվագներով և այլն. երեկ այս կերպ էին նկարագրում ԱԺ- ում տեղի ունեցող իրադարձությունները։ ԱԺ աշխատանքների պատմության մեջ այդքան շատ ընդմիջումներ չէր վերցրել ընդդիմադիր որեւէ խմբակցություն, որքան երեկ՝ 11 ընդմիջում։
«Ելքի» հայտարարած ընդմիջումները նյարդայնացրել էին կոալիցիոն գործընկերներին։ Ավելին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը ուղղակի հայտարարեց, քանի որ Ազգային ժողովի բնականոն աշխատանքները խաթարելու միտում կա, հետեւաբար պետք է վերանայել կանոնակարգը։
Այսօր արդեն ԱԺ- ում նիստերի դահլիճում լռություն է, փոխարենը երեկվա դեպքին են անդրադառնում քաղաքական գործիչները։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշում է, որ խորհրդարանում «Ելք» խմբակցության կողմից քվեարկությունը ընդմիջելու քայլը ֆորմալ առումով ԱԺ կանոնակարգի շրջանակներում էր, բայց որ 11 անգամ:
Աշոտյանն ընդգծեց, որ խորհրդարանական հանրապետություն՝ չի նշանակում ընդդիմության կողմից խաղի կանոնների բացարձակ թելադրանք, խորհրդարանական հանրապետություն՝ նշանակում է ընդդիմության համար բավարար գործիքակազմի ստեղծում, որպեսզի խնդիրները, որոնք ՀՀ խորհրդարանում արծարծվում են, ընդդիմության կողմից լինեն վերահսկելի.
«ՀՀ խորհրդարանում կա 2 ընդդիմադիր ֆրակցիա եւ այստեղ ակնհայտորեն գործում է էվոլյուցիոն տեսությունը Դարվինի՝ ներտեսակային պայքարն ավելի ուժեղ է լինում, քան միջտեսակային պայքարը: «Ելքի» կողմից որոշակի դժգոհությունները կապված չեն նրա հետ, որ ընդդիմությունը չունի բավարար լծակներ, ընդդիմությունն ունի փոխխոսնակ, ունի մշտական հանձնաժողովների 3 նախագահների պաշտոն, ունի փոխնախագահների պաշտոն, ընդդիմությունը կարողանում է համապատասխան քանակի ստորագրություն հավաքելու շնորհիվ հարցեր առաջ տանել: Կարծում եմ, խնդիրն այն է, որ ընդդիմությունն ունի լծակներ, բայց այդ լծակները «Ելքի» ձեռքերում չեն այդքան շատ»:
Աշոտյանը հիշեցնում է, որ այսօր խորհրդարանում կա երկու ընդդիմադիր ուժ։ Պարզապես՝ «Ելք»-ի դժգոհությունը կապված չէ նրա հետ, որ ընդդիմությունը չունի բավարար լծակներ, այլ որ դրանք «Ելք»-ի ձեռքերում չեն, ԱԺ միջադեպին անդրադարձել է նաև ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Ռադիոլուրի» հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշում է՝ քաղաքական մեծամասնությունը պետք է հանդուրժող լինի քաղաքական փոքրամասնության, առավել ևս կանոնակարգում գործող գործիքները օգտագործելու նկատմամբ։ Ըստ Զեյնալյանի՝ «Ելք» խմբակցությանը այլ բան չէր մնում, քան օգտագործել այդ գործիքները:




