ԿարևորՀասարակություն

«Միկշին»-ն առաջարկել է, քաղաքապետարանը՝ հաստատել. ո՞վ ու ինչպե՞ս վաճառեց շենքի տանիքը


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռ փորձում է պարզել Երեւանի Ադոնցի 6/1 հասցեում պետական ծառայողների համար պետական ծրագրով կառուցված վեցմուտքանի համալիրին առնչվող հարցերը:

«Ռադիոլուր»-ն արդեն անդրադարձել է, որ կառուցապատող «Միկշին» ընկերության հետ շենքի ավելի քան 300 շահառուները բազմաթիվ խնդիրներ ունեն՝ պարտադրվող սպասարկման պայմանագրեր՝ ամսական 24 հազար դրամ վճարման պայմանով, հոսանքի ենթակայանի բացակայություն, ինչի պատճառով մարդիկ մարտի մեկից ստացած բնակարաններում պարզապես ապրել չեն կարող, ու «Միկշինի» սեփականաշնորհած տանիքն ու ավտոկայանատեղի ելքը։ Այլ կասկածելի ու զավեշտալի դրվագներ էլ են բացահայտվել:

ՏՄՊՊՀ-ն արդեն երրորդ նիստով քննարկում է տասնյակ խնդիրները, որոնց բախվել է ավելի քան 300 պետծառայող՝ Ադոնցի 6/1-ում բնակարան ձեռք բերելով: Բնակիչների դիմումի հիման վրա հանձնաժողովի անդամները գնացել են բողոքների հետքերով ու պարզել սպասվածից ավելին: Պետական բնակարանաշինական ծրագիրն իրականացնելու համար կառավարության վստահությունը շահած ընկերությունն ամենատարբեր հնարքների է դիմել՝ հարուցելով շահառուների զայրույթն ու հանձնաժողովականների տարակուսանքը:
Շահառուները հարց են բարձրացրել՝ ի՞նչ իրավունքով է «Միկշին»-ն իրենց տանիքին ինքնակամ տեղադրել արեւային կայաններ, իսկ հսկա ավտոկայանատեղի ելքը փակել՝ թողնելով միայն մուտքի նեղացված ուղին, ըստ տեղեկությունների, ավտոլվացման կետ կառուցելու նպատակով: Պարզվում է՝ «Միկշինը» սեփականացրել է տանիքն էլ,  կայանատեղի ելքի հատվածն էլ: Ինչպե՞ս, ո՞ւմ ստորագրությամբ է սեփականաշնորհվել քաղաքացիների բաժնային սեփականությունը։ Կադաստրի պետկոմիտեի ներկայացուցիչ Միքայել Սարգիսջանյանի պարզաբանմանը հաջորդում է շահառուների զայրույթը, որքան էլ հանձնաժողովի նախագահ Շաբոյանը խնդրում է չմիջամտել:

«Ճիշտ է՝ տանիքը պետական գրանցման ենթակա չէ, քանի որ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն է, սակայն գրանցումն իրականացվել է որպես վերնահարկ, ոչ թե որպես տանի»:

Շահառուները հարց են բարձրացնում՝ «Ստացվում է՝ շենքը տանիք չունի՞, միայն վերնահա՞րկ է:

Հաջորդիվ՝ «Միկշին»-ի փաստաբանը պնդում է, թե բնակիչներին պատկանում է միայն իրենց բնակարանը, տարածքի մյուս մասի հետ իրենք գործ չունեն, «Միկշինն» էլ իր քայլերում բնակիչների կարծիքը հարցնելու կարիք չունի: Շահառուները հակափաստարկներ են բերում,  օրենքին հղում անում: Իրենց ձեռքին շենքի նախագծերն են՝ մեկը 2014, մյուսը՝ 2016 թվականի: Վերջինը Երեւանի քաղաքապետարանում «Միկշին»-ի առաջարկով փոփոխվել է: Բայց փոփոխություններից տեղյակ չեն եղել ոչ ծրագրի պետական պատասխանատու Քաղշինպետկոմում, ոչ էլ կադաստրում. վերջինիս ներկայացուցիչը պնդում է, որ իրենք գնալու, տեղում հանգամանքըհ ուսումնասիրելու գործառույթ չունեն, պարզապես հաստատում են ներկայացված փաստաթղթերը:

Ինչեւէ՝ փոփոխությամբ պակասել է բնակիչներին օրենքով պատկանող բաժնային սեփականությունը, ավտոկայանատեղին մնացել է առանց ելքի, հայտնվել են խորդանոցներ, որոնք կառուցապատողն առանձին վաճառել է: ՏՄՊՊՀ- ում երկար հարցապնդումից հետո «Միկշինի» փաստաբանը հայտարարում է՝ իրենց պատկանում է Ադոնցի 6/1 հասցեի 46 հազար քմ տարածքի կեսն ու ավելին: Այնինչ կառուցապատողի սեփականությունը չպետք է գերազանցեր 30 տոկոսը։ Հանձնաժողովում կարգն են մատնանշում ու շեշտում՝ այս հանգամանքը նաեւ բարդացնում է բնակիչների կողմից սեփական համատիրություն ստեղծելը:

«Այսինքն՝ անունը փոխենք, ինչ ուզենք գրանցե՞նք: Կադաստրի գործողություններն էլ հասկանալի չեն: Ո՞րն է դրա իրավական հիմքը: Արդյո՞ք սա պաշտոնական լիազորությունների գերազանցման դասական օրինակ չէ: Սա օրինական չէր կարող լինել, առավել եւս՝ այդքան արագ: Տանիքը բռնում գրում են վերնահարկ ու սեփականաշնորհում»,-ասում է շահառուներից մեկը:

Բոլոր այս հնարքները փոխկապակցված անձանց միջոցով են. «Միկշին»-ը «Ադոնց 6/1 կոմունալ» ընկերության միջոցով պարտադրում է ամսական 24 հազար դրամանոց սպասարկման պայմանագիր, ծառայությունների սակագների հաշվարկ, չնայած հանձնաժողովի պահանջներին, այդպես էլ չի ներկայացվում։ Չի ներկայանում նաեւ սպասարկող ընկերությունների ներկայացուցիչ Կարեն Ղազարյանը, ով բնակիչների պնդմամբ ու բոլոր հասցեներում «Միկշին»-ի ներկայացուցիչն է: Բայց «Միկշինի» փաստաբանն այս կապը պարզապես քաղիրավական հարաբերություն է որակում:

«Իմ ունեցած տեղեկություններով՝ «Միկշին» ընկերությունը կապ չունի նշված ընկերությունների հետ: Իսկ սակագները հաշվարկվել են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների մակերեսներից ելնելով»:

Հանձնաժողովը դեռ պետք է բազմաթիվ խնդիրների մասով որոշում կայացնի: Փաստերը շատ են՝ շահառուների բնակմակերեսները մի քանի քմ-ով ավելի են ներկայացվել, ինչը մարդկանց միլիոններ ու նյարդեր է արժեցել: Շենքի ջեռուցման կաթսայատունը՝ բարձր վտանգավորության օբյեկտ, տեղակայված է շենքի տանիքին, բայց «Միկշինը» դրա փաստաթղթերը չունի՝ ասում է՝ տեղադրող ընկերության մոտ են: Իսկ տեղադրողն էլ, պարզվում է, նույն «Միկշին»-ի տնօրենն է: Զավեշտալի դրվագներ էլ կան՝ բնակարանները ջեռուցելիս ջեռուցվող մակերերեսի մեջ հաշվում են նաեւ բաց պաշտգամբները:

«Միկշինի» ու շահառուների վեճը շարունակվում է»:

Հարյուրավոր քաղաքացիներ հոսանք չունենալու պատճառով ամիսներով չեն կարողանում բնակվել իրենց իսկ տանը:  «Միկշինը» եւ ՀԷՑ-ը նախ ենթակայան չկառուցելու մեղքը բարդում էին միմյանց վրա: Ապա ՀԷՑ-ը պաշտոնապես հայտարարեց, թե ենթակայանը մարտին պատրաստ կլինի, մարդիկ հոսանք կունենան, իսկ առայժմ կտրվի ժամանակավոր լուծում: Ժամանակավոր լուծումը կա, սակայն հիմա էլ «Միկշին»-ը հայտարարում է, թե կառուցվող ենթակայանն այս շենքի համար չէ:

«Ենթակայանը կառուցվող մյուս շենքերի համար է»:

«Այսինքն՝ բնակիչներիս տեսանկյունից ստացվում է, որ հետին միտք կար հոսանքի ստացման պայմանագրեր չկնքելու կամ կնքելը խոչընդոտելու մեջ, որպեսզի սպասարկման պայմանագրերի կնքումն արագացվեր »,-նկատում է շահառուներից մեկը:

ՏՄՊՊՀ ներկայացուցիչն իր հերթին է հակադարձում:

«Շինարարական առաջադրանքով նախատեսված է, որ Ադոնցի 6/1-ը պետք է ունենար ենթակայան, եւ պետք է նախատեսված լիներ դրա տարածքը»:

Շենքը, բոլոր այս խնդիրներով, ստացել է ավարտական վկայական: Քաղաքապետարանը, ՀԷՑ-ը, Քաղշինպետկոմը եւ այլն ստորագրել են ավարտական ակտը՝ աչք փակելով խնդիրների ու թերի փաստաթղթերի վրա: Ինչեւէ: Խնդիրները հասել են վարչապետին: Կա հանձնարարական՝ մինչեւ դեկտեմբերի 25-ը մարդկանց հարցերին տալ պատասխան: ՏՄՊՊՀ-ն փնտրում է պատասխանները:

Միկշինը դեռ որոշ պարզաբանումներ տալիս հապաղում է: Իսկ «Ռադիոլուր»-ը դեռ սպասում է քաղաքապետարանի խոստացած պարզաբանմանը:

Կարդացեք նաև

Back to top button