Մեր Մարոն. կենսախինդ, ժպտացող, լուսավոր մեր Մարոն
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Խնկո ապոր անվան մանկական գրադարոնում այսօր հոբելյանական ցերեկույթ էր՝ նվիրված վաստակաշատ ու սիրված դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանի ծննդյան 60- ամյակին: Նրան շնորհավորելու էին եկել գործընկերները, հարազատները եւ պարզապես արվեստասերները։
Կենսախինդ Մարոն, մեր Մարոն, երբեք մի օր չտրտջաց ու ժպիտը նրա դեպքից չբացակայեց… իր շնորհավորական խոսքն այսպես սկսեց դերասան Ազատ Գասպարյանը:
Ազատ Գասպարյանի ողջույնի խոսքից հետո, հանդիսատեսին ներկայացվեց տեսաշար, որտեղ ներկայացված էին հատվածներ այն ֆիլմերից, որտեղ խաղացել է Մայրանուշ Գրիգորյանը.
«Ձորի Միրոն»,«Խնձորի այգին», «Աշնան արեւ», նաեւ վերջին տարիներին նկարահանված ՝«Երեք ընկեր», «Հարսնացուն Ջերմուկից», «Մեծ քաղաքի փոքր պատմություն» ֆիլմերից:
Տեսաշարում տեղ էր գտել նաեւ սիրված դերասան Սոս Սարգսյանի շնորհավորական ուղերձը: «Նարեի դերում Մարոն կատարյալ էր ներկայացրել գաղթի ճանապարհին երեխա կորցրած կնոջ կերպարը»,- հիշելով Ձորի Միրոն ֆիլմի նկարահանումները՝ ասում է Սոս Սարգսյանը:
Հանրային ռադիոյի ձայնադարանում պահվող վերջին 20 տարիների ձայնագրությունների մեծ մասը Մայրանուշ Գրիգորյանի միջոցով են արվել, ասաց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը:
«Հանրային ռադիոյի ունկնդիրները՝ ի դեմս Մայրանուշ Գրիգորյանի, ունեն այսօրվա մեր դասական գրականության ամրագրողի, ֆիքսողի, ներկայացնողի եւ հայ պոեզիան ներկայացնող հրաշալի մարդու։ Ուրախ եմ, որ ունեմ նման աշխատակից»։
«Չի եղել մի դեր , որը խաղալուց հետո զղջամ»,- ասում է դերասանուհին։ Նա այսօր թե ուրախ է, թե հուզված,- «անակնկալները շատ էին»,- ասում է։