Հասարակություն

Պլաստիկե բրինձը վտանգավոր է, բայց ամենավտանգավորը չէ շուկայում


Աշխարհում նոր՝ սինթետիկ սննդի հայտնվելն առաջիկայում ի՞նչ ռիսկեր է ենթադրում, ինչպե՞ս պլաստիկե բրինձը հայտնվեց մեր խանութներում, վտանգավո՞ր է այն մարդու առողջության համար, եւ, առհասարակ, ինչու է հայաստանյան սահմանն այսքան խոցելի վտանգավոր մթերքի առումով:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին, նկատել է՝ իրենք դեռ փորձում են պարզել՝ ինչ բաղադրություն ունի բրնձանման ոչ բրինձը ու ում մեղքով այն հատեց սահմանն ու հասավ մինչեւ հայ տանտիրուհու կաթսա:

Իսկ մինչ այդ՝ սննդագետ Դավիթ Պիպոյանը հայտարարում է՝ Հայաստանում պլաստիկե բրնձից ավելի վտանգավոր մթերք էլ մեր շուկայում եղել է ու կա:

 

Քանի օր է՝ բրինձն ու բրնձանման պլաստիկե հատիկները Հայաստանում  քննարկման թեմա են: Կեղծ մթերքներն ավելի ու ավելի են ողողում աշխարհի շուկաները, ու դրանց տարածումը կանխելը պահանջում է գերզգոնություն՝ ասում է սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը: Սննդամթերի անվտանգության համակարգ ունենալու անհրաժեշտությունն արդեն հստակ գիտակցում են Եվրոպական Միությունում: Հայաստանում նման ռիսկերը գնահատելուն դեռ պատրաստ չեն՝ ասում  «Ռադիոլուր»-ի զրուցակիցը:

«Երկրում անվտանգության ապահովման համակարգը պետք է մշտապես թարմացվի ոչ թե տվյալ տարվա, այլ տվյալ օրվա ռիսկերին համահունչ»:

Աշխարհում նման ահազանգերն արդեն շատ են: Հայաստանում էլ թեման խուճապ է առաջացրել՝ նկատում է սննդագետը: Ի՞նչ է իրենից ներկայացնում գարշելի հոտով, եփելուց հետո մի քանի օրվա ընթացքում չբորբոսնող մթերքը: Կարտոֆիլի օսլային ինչե՞ր են խառնում, պլաստիկի վտանգ կա՞, թե՞ ոչ. լիովին բացահայտել դժվարանում են անգամ եվրոպական զարգացած լաբորատորիաները՝ ասում է Դավիթ Պիպոյանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ դեռ վերջնական գնահատական չի տվել դրան, բայց Եվրոպական Միությունում սա, որպես սպառողների շահերի հանդեպ ահագնացող ռիսկ, ներառվել է տարեկան պլանում:

«Որ ներկա պահին հասկանանք, թե դա ինչ նյութ է՝ պահանջում է բազմակողմանի, համալիր հետազոտություն, հսկա ֆինանսական ռեսուրսներ ու համապատասխան սարքավորումներ»:

Կեղծ բրնձի եւ դրա ներկրման փաստաթղթերի ստուգման առումով պետական գերատեսչությունը սկսել է զրոյից՝ արձանագրում է Պիպոյանը: Հարցն այն է, որ ոչ թե պետական սահմանին է հայտնաբերվել կասկածելի մթերքը, այլ սպառողի բողոքի հետքերով, երբ այն արդեն իրացման ցանցում էր ու կարող է հայտնվել ոչ միայն առանձին արկղով, այլեւ իսկական բրնձին խառնված: Աշխարհը, փաստորեն, գենետիկորեն ձեւափոխված մթերքից աստիճանաբար անցնում է արհեստական, սինթետիկ մթերքին: Արդյո՞ք սա աղքատներին կերակրելու նոր տարբերակ է՝ դեռ վաղ է ասել: Զրուցակիցս հարցին այլ կողմից է մոտենում՝ ամուր է պետք պահել սեփական սահմանը, այնինչ 2017-ը ցույց տվեց, որ մեր սահմանն առավել քան խոցելի է:

«Դա նշանակում է՝ մենք ունենք մաքսավոր, որը կարող է կաշառքով թողնել ադրբեջանական ծագման խնձոր, նշանակում է սահման, որը խոցելի է թուրքական լոլիկի առումով, նշանակում է պետական մարմիններ, որոնք հայտարարում են, որ տվյալ մթերքը հայաստան չի մտել, բայց ես, որպես գիտնական եւ որպես սպառող, հայտնաբերում եմ այդ մթերքը շուկայում: Խնդիրն այստեղ է»:

Ի՞նչ պարզվեց՝ ո՞վ է բերել բրնձանման ոչ բրինձը, որտեղի՞ց,ի՞նչ ծավալով, ինչի՞ց է այն բաղկացած: «Ռադիոլուր»-ի հարցին գյուղնախարար Իգնատի Առաքելյանը պատասխանում է՝ Սննդամթերքի անվտանգության ծառայությունը նմուշառում է արել, սակայն լաբորատոր փորձաքննության արդյունքները դեռ պարզ չեն: Հարցն, ասում է, իրեն էլ է մտահոգել, եւ ծառայությունը ներկայում լայնամասշտաբ մոնիտորինգ է իրականացնում: Բայց հարցն այն է, որ իրենք դեռ փորձում են պարզել՝ լուրը ճի՞շտ է, թե՞ ոչ:

«Ստուգումը կանեն եւ կտեղեկացնեն՝ ինչ արդյունքներ ստացան: Ստուգվում է ողջ շուկան՝ հատկապես հաշվի առնելով Ամանորին ընդառաջ ներմուծման եւ իրացման ծավալների հնարավոր ավելացումը»: 

Սակայն սննդագետ Պիպոյանը թեման, այնուամենայնիվ, ամփոփում է մտահոգությամբ՝ ամեն օր ու ժամ մեր շուկայում կարող է հայտնվել վտանգավոր մթերք: Իսկ որ հայաստանյան շուկայում պլաստիկե բրնձից շատ ու շատ ավելի վտանգավոր մթերք կա ու նման մթերքի լայն տեսականի՝ փաստ է:

Կարդացեք նաև

Back to top button