Քաղաքական

Բաքուն է դեմ խաղաղ կարգավորմանը, հարկ են հասցեական շեշտադրումներ. Թեւան Պողոսյան


Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում արված Լավրով, Թիլերսոն, Ռոժե-Լական հայտարարությունը կոչ է` ուղղված կողմերին կենտրոնացնել ջանքերը քաղաքական կարգավորման բովանդակային հարցերին փոխզիջումային լուծումներ տալու ուղղությամբ: 

Բացի դա նշվում է, որ հակամարտությանը վերջ դնելու առաջնային պատասխանատվությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վրա է:

Այս վերջին ձևակերպումը հատկապես դուր չի գալիս ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանին: Ինչու հասցեական հայտարարություններ չեն արվում, ասում է նա:

ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման միջնորդության հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները միասնաբար հանձնառու են մնում՝ հակամարտությունը Հելսինկիի Եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների` ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության ու  ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման հիման վրա կարգավորելու հարցում:

Հայտարարությունն արվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականի կողմից Վիեննայում կայացած ԵԱՀԿ Նախարարական խորհրդի հանդիպումից հետո:

Նրանց  գոհացնում է  ակտիվացած բանակցությունների փաստը և հիմք տալիս կոչ անելու կողմերին` կենտրոնացնել ջանքերը քաղաքական կարգավորման բովանդակային հարցերին փոխզիջումային լուծումներ տալու ուղղությամբ:

«Հղում անելով շփման գծում լարվածության թուլացման հավելյալ միջոցներ ձեռնարկելու  նախագահների հանձնառությանը՝ Բաքվին և Երևանին կոչ ենք անում ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գոյություն ունեցող գրասենյակի ընդլայնումը: 2016-ին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ընդունված մյուս որոշումները ևս պետք է  իրականացվեն»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հանձնառությունների կատարման մասով հստակեցնում է.

«Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի մասին հիշատակումը նշանակում է, որ վստահության մթնոլորտ պետք է ձևավորվի»:

Սակայն Բաքուն անվստահելի է։ Բանակցային սեղանի շուրջ Ալիևը կարող է համաձայնություն տալ,  բայց հետո հրաժարվել՝ նկատում է փոխարտգործնախարարն ու շեշտում, որ հանդիպումների հաճախակիությունը դրական է զուտ այն առումով, որ թուլացնում է լարվածությունը:


Հայտարարությունում նաև շեշտվում է, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու առաջնային պատասխանատվությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վրա է: Այս առումով Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը հիշեցնում է, որ Բաքուն է դեմ խաղաղ կարգավորմանը և հարկ էր, որ արվեին հասցեական շեշտադրումներ.

«Ինչու են ևս մեկ անգամ կողմերին կոչ անում եթե Բաքուն է խոչընդոտում հետաքննության մեխանիզմների ներդրմանը»:

Հետևաբար՝ այս փաստաթուղթը պետք է դնել արդեն առկա մյուս փաստաթղթերի վրա, քանի որ իրական կյանքը բոլորովին այլ է՝ ասում է։

Կարդացեք նաև

Back to top button