ԿարևորՄիջազգային

Աշխարհը սպասում է Թրամփի հայտարարությանը. Ռադիոլուրի բացառիկ հարցազրույցը Իսրայելից


Թրամփը պատրաստվում է ճանաչել Երուղաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք:

Իսրայելում ու Պաղեստինում ուշի ուշով սպասում են Միացյալ Նահանգների նախագահի այսօրվա հայտարարությանը՝ ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ, ինչը կնշանակի, որ Վաշինգտոնը ճանաչում է Երուսաղեմը որպես հրեական պետության մայրաքաղաք:

Ինչի  կարող է հանգեցնել ամերիկան գործող վարչակազմի քաղաքականությունը Մերձավոր Արևելում և հնարավոր է արդյոք երրորդ ինտիֆադ:

Դոնադ Թրամփը այսօր երեկոյան  ելույթ է ունենալու Վաշինգտոնում՝ ազգային պաշտպանության համալսարանում: Իր ելույթի ժամանակ նա կհայտարարի՝ պահպանո՞ւմ է արդյոք ամերիկյան դեսպանատունը  Թել Ավիվում, թե՞ կատարում է իր նախընտրական խոստումը և  ամերիկյան դեսպանությունը տեղափոխում է  Երուսաղեմ՝ ըստ էության ճանաչելով այն որպես հրեական պետության մայրաքաղաք:

Ելույթին ընդառաջ՝ ամերիկյան առաջնորդը արդեն որոշակիորեն բացել է խաղաքարտերը. նա զանգահարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին՝ տեղեկացնելով դեսպանությունը տեղափոխելու մտադրության մասին: Մահմուդ Աբասը հորդորել է նրան ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են բերել տարածաշրջանում իրավիճակի սրացման, նաև հորդորելով Վաշինգտոնի արևմտյան դաշնակիցներին հետ պահել նրան այդ քայլից:

Սպիտակ տան ղեկավարը հեռախոսազրույց է վարել նաև Իսրայելի, նաև մի շարք արաբական երկրների առաջնորդների հետ՝ վստահեցնելով՝ Վաշինգտոնը հավատարիմ է մերձավորարևելյան խաղաղ կարգավորմանը:

ՄԱԿ-ում տարակուսում են. համաշխարհային այս կազմակերպության գլխավոր քարտուղարի խասնակ Ստեֆան Դյուժարիկը  հայտարարել է. Թրամփի մտադրությունների մասին իրենք տեղեկացված չեն: Պաշտոնյան ասել է, որ ՄԱԿ-ը պաշտոնապես Վաշինգտոնից որևէ փաստաթուղթ չի ստացել: Դյուժարիկը նաև հորդորել է Վաշինգտոնին ձեռնպահ մնալ միակողմանի քայլերից, որոնք կարող են վնասել խաղաղ գործընթացին: Նույն հորդորով ամերիկյան վարչակազմին դիմել են նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը,  արևմտյան դաշնակիցները: Ֆեդերիկա Մոգերինի. Եվրամիության դիվանագիտության պատասխանատու:

«Եվրամիությունը սատարում է առարկայական խաղաղ գործընթացի վերսկսմանը, որը կհանգեցներ երկու պետությունների համակեցության: Մենք համոզված ենք, որ պետք է խուսափել գործողություններից, որոնք վնաս են հասցնում այդ ջանքերին: Բանակցությունների ճանապարհով անհրաժեշտ է գտնել Երուսաղեմի կարգավիճակի կարգավորման ուղին, որպես երկու պետությունների մայրաքաղաք, բավարարի երկու կողմերի ցանկությունը»:

Սպիտակ տան աղբյուրները նախօրեին հայտնել են, որ Երուսաղեմում այս պահին չկա հարմար շենք դեսպանության համար և որ գործընթացը կարող է տարիներ տևել: Վերլուծաբանները նշում են, որ Թրամփը կարող է գնալ որոշակի խորամանկության՝ մի կողմից հայտարարել, որ հանձնարարում է Պետդեպարտամենտին սկսել գործընթացը, մյուս կողմից տեղեկացնել Կոնգրեսին, որ դեսպանատան տեղափոխումը հետաձգում է ևս վեց ամսով: Նշենք, որ մեկ անգամ  այս տարվա հունիսիսն Թրամփն արդեն հետաձգել էր իր նախընտրական խոստման կատարումը:

Այնուամենայնիվ, ինչպես նշեցինք, Իսրայելում շարունակում են սպասել Դոնալդ Թրամփի նախընտրական խոստման կատարմանը և Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը նախօրեին Թվիթերի իր միկրոբլոգում զետեղել է Դոնալդ Թրամփի նախընտրական ելույթից մի հատված, որում նա խոստանում էր տեղափոխել դեսպանատունը:

Թեմայի վերաբերյալ «Ռադիոլուրին» այսօր մեկնաբանություններ է տվել «Իսրայելի ձայնը» ռադիոկայանի լրատվական բաժնի ղեկավարը՝ Ցվի Զիլբերը։ Ինչպիսին է իսրայելցիների վերաբերմունքը, կա՞ արդյոք ոգևորություն երկրում նախագահ Թրամփի ելույթին ընդառաջ՝ հարցրեցինք:

«Տոնական տրամադրություններ չկան, մենք հասկանում ենք, որ  իրական փոփոխություններ, համենայն դեպս իսրայելցիների կյանքում, չեն լինի: Մեզ համար Երուսաղեմը վաղուց արդեն մեր մայրաքաղաքն է, դա գոյություն ունեցող փաստ է, և կճանաչի՞ արդյոք Միացյալ Նահանգների նախագահը դա,  թե՞ ոչ, մեր կյանքի վրա առանձնապես չի ազդի։ Մենք ուղղակի հուսով ենք, որ դա չի հանգեցնի իսլամական բռնության հերթական  ալիքին մեր երկրում և պաղեստինյան տարածքներում: Աժիոտաժը միայն լրատվամիջոցներում է, հրճվում են վերլուծաբանները փողոցներում այդ ամենը չի զգացվում»:

Եթե այսօր Թրամփը հայտարարի Երուսաղեմի ճանաչման մասին, բայց դեսպանատունը չտեղափոխի, ապա արաբական աշխարհի արձագանքը կլինի  շատ չափավոր, իսկ եթե նա հայտարարի դեսպանատունը տեղափոխելու մասին, ապա իրավիճակը կարող է լինել պայթյունավտանգ՝ ասում է: Իսկ արդյոք կարող է դա հանգեցնի երրորդ ինտիֆադի:

«Ես չեմ կարծում՝ դա կարող է հանգեցնել երրորդ ինտիֆադի, քանի որ մերձավորարևելյան հակամարտությունն այսօր իսրայելցիների և պաղեստինցիների միջև չէ։ Գլխավոր հակամարտությունը սունի և շիա աշխարհների միջև է  Սաուդյան Արաբիայի և Իրանի գլխավորությամբ։ Նրանք են Պաղեստինի ինքնավարության հովանավորները։ Այն պատկանում է սունի թևին և հիմնական հովանավորները կփորձեն խնդիրը կարգավորել ֆինանսական հոսքերով, քանի որ նրանք ամենևին էլ շահագրգիռ չեն իրավիճակի սրացմամբ: Բացի այդ՝ սաուդցիները այժմ փորձում են բոլոր ջանքերը գործադրել ՝ խաղաղ գործընթացը վերսկսելու համար, գտնել որոշակի փոխզիջումներ, համոզել պաղեստինցիներին գնալ ինչինչ զիջումների, որպեսզի իսրայելցիներն ավելի հեշտ համաձայնեն բանակցությունների»:

Արտաքին քաղաքական Իրավիճակն այնպիսին չէ, որ երրորդ ինտիֆադա սկսվի՝ համոզված է մեր զրուցակիցը։ Նա շեշտում է, որ այսօր արդեն Սաուդյան Արաբիան՝ արաբական աշխարհի առաջատարը, որը հասկանում է, որ հրեական տեխնոլոգիաներն ու արաբական ռեսուրսները կարող են հանգեցնել տարածաշրջանի զարգացմանը, Մերձավոր Արեւելքում երկրորդ Եվրոպայի ստեղծմանը։

Կարդացեք նաև

Back to top button