ԿարևորՀասարակություն

Ներառական և հոգեբանական թատրոն Արագածավանում

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի թիվ 2 դպրոցում «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամի նեխաձեռնությամբ գործում է «Իմ թատրոն Արագածավան» թատերախումբը, որտեղ ներառված են  նաև տարբեր խնդիրներ ունեցող երեխաներ:

Հոգեբանական թատրոնն օգնում է երեխաներին հաղթահարել բոլոր դժվարություններն ու ազատվել բարդույթներից:   Նրանք ներկայացրել են  Օսկար Ուայլդի «Արտացոլանք» բեմադրությունը:

Օսկար Ուայլդի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Արտացոլանք» ներկայացման  դերակատարները ոչ թե դերասաններ են այլ դպրոցականներ: «Իմ Թատրոն Արագածավան» թատերախմբում  ներառված են նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ Արարագածոտնի մարզի Արագածավան և Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղերից:


Ներկայացման հերոսները ծաղիկներն են ու կուզիկը: Վերջինիս մարմնավորում էր 13-ամյա Ժակ Սրապյանը: Նա սկզբում դժվարացել է կերպարի մեջ մտնել, ապա հաղթահարել դժվարությունները:

«Հայաստանի Մանուկներ» հիմնադրամի նախաձեռնած  «Իմ թատրոնը» ծրագրի շրջանակներում հոգեբանական թատրոններ են գործում Քարակերտի, Գետաշենի և Արագածավանի դպրոցներում: Հոգեբանական թատրոնը նպաստում է երեխաների զարգացմանը, ինքնահաստատմանը, բնավորության կայունացմանը:


Թատրոնում ներառված են հոգեբանական և ֆիզիկական դժվարություններ ունեցող երեխաները: Էմին  Մկրտչյանը հենաշարժական խնդիր ունի, տղան օգնությամբ է քայլում, սովորում է Լեռնագոգի դպրոցում: Նարգիզի դերակարն էր լինելու, բուժման պատճառով այս անգամ բեմում չէր, սակայն ընկերների խաղը դիտելու համար հասել էր Արագածավան:


«Բուժումն ինձ համար ամենակարևորն էր, ես մասնակցել եմ ներկայացման փորձերին, կարևոր էր նաև դիտել ընկերներիս խաղը: Վերականգնվելուց հետո ես նրանց  հետ նույն բեմում կլինեմ, մյուս ներկայացումնում` կխաղամ», -ասաց 14-ամյա Էմինը:


Հոգեբանական թատրոնի ղեկավար Մարինե Ասատրյանը սիրով է աշխատում երեխաների հետ` նրանց դարձնելով փոքրիկ դերասաններ: «Իմ թատրոնն» ուղղորդում է երեխաներին նաև մասնագիտական կողմնորոշման մեջ:  Լեռնագոգի դպրոցից Աիդա Գրիգորյանն արդեն ընտրել է իր մասնագիտական ուղին, ձմեռ պապիկին այդ մասին է նամակ գրելու` ուզում է հմտանալ դերասանական վարպետության մեջ: Սոխակի դերակատարն էր:

«Իմ թատրոնը» բացահայտում է  երեխաների մեջ թաքնված տաղանդն ու դուրս բերում նրանց տարբեր բարդույթներից: Այստեղ բոլորը հավասար են, օգնում են միմյանց և չեն նկատում խնդիրները: Հենաշարժական և խոսելու դժվարություններ ունեցող  Մարիամն անթաքույց ուրախությամբ է մասնակցել թատրոնի փորձերին ու բարձրացել բեմ: Աղջիկը տարիներ շարունակ մեկուսացած է եղել հասարակությունից և  դպրոց չի գնացել: Հիմա ամեն ինչ փոխվել  է: Նա  անհամբերությամբ է սպասում  ներկայացման փորձերին: Հեքիաթում ծաղիկների թագուհու կերպարը շատ էր դուր եկել նրան:  20-ամյա աղջիկը ներկայացումից հետո,  ինչ ես ուզում դառնալ հարցին, կատակով պատասխանեց` վարդի թուփ:

Կարդացեք նաև

Back to top button