Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Այսօր արդեն 14-րդ տարին նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը, որը հռչակվել է ՅուՆԵՍԿՕ- ի Գլխավոր համաժողովի կողմից 1999 թվականի նոյեմբերի 17-ին` լեզվային և մշակութային բազմազանությանը աջակցելու նպատակով: Այն մեր երկրում պաշտոնապես նշվում է 2005 թվականից:
Այսօր աշխարհում, ըստ համացանցային տվյալների, հայերեն խոսում է մոտ 15 մլն. մարդ: Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի համոզմամբ՝ տարեկան մեկ անգամ չէ, որ պետք է հիշենք մեր մայրենին ու պաշտպանության տակ առնենք այն։ Որպես օրինակ Երիցյանը բերեց Լիտվայի փորձը, որտեղ կիրառվում է մայրենի լեզվի եռաստիճան պաշտպանության արդյունավետ համակարգը` օրենսդիր, գործադիր և վերահսկիչ մակարդակներով:
Այս պարագայում հայոց լեզուն ուշադրության առումով զգալի զիջում է լիտվերենին: Սերգո Երիցյանը, մասնավորապես, արձանագրեց որ տերմիբանական խորհուրդը մեր երկրում դադարել է գործել անըմբռնելի պատճառներով:
Ինչևէ՝ ապրիլի 17-ին կլրանա լեզվի օրենքի 20-ամյակը: Ինչքան՞ով են կատարվում օրենքի պահանջները: Ըստ լեզվի պետական տեսչության պետի՝ վերջին տարիներին նկատելի է առաջընթաց խանութների ցուցանակների, այսպես ասենք, հայաֆիկացման առումով:
Այս պարագայում դեռ անելիք կա բջջային օպերատորների սպասարկման կենտրոններում և բանկային գրասենյակներում: Կան որոշակի խնդիրներ առևտրային նշանների հետ կապված: Բացի դրանից՝ օրենքը խախտվում է և առողջապահական ոլորտում: Ինչպես նշեց Սերգո Երիցյանը, շատ հաճախ բժշկական փաստաթղթերը լրացվում են ոչ մայրենի լեզվով:
Ի տարբերություն այլ պետական մարմինների՝ Լեզվի պետական տեսչության կողմից բացահայտված խախտումների համար տուգանք սահմանում է դատարանը։
«Մենք ցանկացած խախտում արձանագրելիս պատասխանատվության ենթարկելու համար պետք է դիմենք դատարան։ Բայց ինչո՞ւ պետք է այդպես լինի, չէ՞ որ մյուս վարչությունները դատարան չեն դիմում, տուգանում են, իսկ եթե տվյալ սուբյեկտը համաձայն չէ՝ ինքն է վիճարկում հարցը դատարանում»,– նշեց նա:
Տեսչության աշխատակիցների կեցից ավելին զբաղված է դատական պրոցեսներին մասնակցելով, ասաց Սերգո Երիցյանը։
Ոլորտի պատասխանատուն հույս հայտնեց, որ առկա խնդիրները լուծում կստանան օրենսդրի միջամտությամբ: Համապատասխան առաջարկություններն արդեն իսկ պատրաստ են:
Մայրենիի օրվա հետ կապված Սերգո Երիցյանը մեջբերեց աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի կտակը, որը թեպետ գրվել է 1994 թվականին, այսօր էլ չի կորցրել հրատապությունը:
«Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս և այլն, կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերեն, անկախ նրանից ինչպիսի տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ և գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է»: