
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ ընտրվելուց 39 օր անց Հարություն Խաչատրյանն այսօր ներկայացրել է կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։
Մասնավորապես՝ մշակվել է Կինեմատոգրաֆիստների միության նոր կանոնադրությունը, որը համապատասխանեցվել է ինչպես ՀԿ-ների մասին ՀՀ օրենքի պահանջներին, այնպես էլ միության ժամանակակից հասարակության պահանջներին։
Ամբողջովին նոր ստեղծված կանոնադրությամբ նոր խնդիրներ և նոր նպատակներ են դրվել միության առջև: Միության նախագահն ասաց, որ այս պահին իրենց գլխավոր նպատակը մեծ դահլիճի վերանորոգումն է, որի համար իրենց անհրաժեշտ են հովանավորներ:

Վերնիսաժի այգու հարևանությամբ է գտնվում Կինոյի տունը: Շենքի վրա վեր է խոյանում բազմահարկ նորակառույցը, մինչդեռ ներքևում, կիսաքանդ, ամայի տարածք է:

Այն մեկ տասնամյակից ավելի՝ նորակառույցի շինարարության մեկնարկից փակ էր հանրության համար: Առնվազն 2 և առավելագույնը 4 տարի հետո Կինոյի տունն իր դռները կբացի բոլորովին նոր տեսքով՝ հավաստիացնում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նորանշանակ նախագահ Հարություն Խաչատրյանը:

Նրա հետ քայլում ենք այս ամայի տարածքով:

Այս ամենն իհարկե ժամանակի հարց է և կախված է հովանավորներից: Այս պահի դրությամբ՝ առաջնայինը մեծ դահլիճի վերանորոգումն է: Այս պահի նորոգվում են դահլիճի հարակից սրահները:
Աշխատանքներ են տարվում նաև կինոթանգարանի ստեղծման ուղղությամբ։

Ի դեպ՝ առաջին անգամ կազմվել է Կինեմատոգրաֆիստների միության բյուջե, որպեսզի միության ծախսերը լինեն ոչ թե կամայական, պահի ազդեցությամբ, չհիմնավորված, այլ նախապես ծրագրված:
Միության ուշադրության կենտրոնում է նաև համապատասխան օրենքի մշակումը: «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի մի քանի քննարկումներ են կազմակերպվել միությունում, բոլոր առաջարկները ներկայացվել են մշակույթի նախարարություն:




