
Նախագահի ընտրությունների ողջ ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծի և արագ արձագանքման ծառայությունը ստացել է 255 ահազանգ: Դրանցից 43-ի դեպքում քաղաքացիները իրավաբանական խորհրդատվություն են ստացել: Ահազանգերից 52-ը հիմնավոր չի եղել: Ընտրողների անձնագրերում դրվող կնիքի թանաքի հետ կապված խնդիրներով Պաշտպանին ահազանգել է 68 քաղաքացի, տեղեկացնում են օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությունից: 38 ահազանգ վերաբերել է ընտրացուցակներում տեղ գտած անճշտություններին, 20-ը՝ քվեարկության օրը տեղի ունեցած տեխնիկական բացթողումներին, կուտակումներին և քվերակության գործընթացի այլ շեղումներին: Քվեարկության մատչելիությունից դժգոհելով պաշտպանին ահազանգել է հաշմանդամություն ունեցող 9 անձ:
Օմբուդսմենի գրասնեյկաի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այս կապակցությամբ Պաշտպանը կգործակցի Տարածքային կառավարման նախարարության և առանձին համայնքների ղեկավարների հետ: Մնացած 25 ահազանգերը վերաբերել են ընտրակաշառքներին, կրկնակի քվեարկությանը և այլ հանցակազմ պարունակող արարքներին: Վաղը, նախապես ստանալով ահազանգողների համաձայնությունը, Պաշտպանի ունեցած ողջ տեղեկատվությունը կներկայացվի թե´ Ոստիկանությանը, և թե´ հանրությանը:
«Նույնիսկ այս 25 դեպքերի լիարժեք բացահայտումը կամ դրանց որոշ մասի իրապես համոզիչ հերքումը կարող է չափազանց դրական անդրադառնալ արդարության վերականգման, հասարակության վստահության հաստատման, ինչպես նաև հետագայում նման հանցանքների կանխարգելման համար: Հետևաբար, անհրաժեշտ է հետևողական աշխատանք: Անհրժեշտ է բացահայտել և պատժվել բոլոր ընտրահանցագործներին»,-ասել է մարդու իրավունքների պաշտպանը:




