Հասարակություն

Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների հարցը հանգուցալուծվեց


Վերջերս հայտնի դարձավ, որ ԱԺ-ն պետական բյուջեի հաշվին մոտ 100 հազար դոլարին համարժեք գումար է վճարել պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար:

Կարգի համաձայն` փոխնախագահները եւ հանձնաժողովի նախագահները, որոնք գործուղման են մեկնում, պետության կողմից նախապես ստանում են ռոումինգ կապով հեռախոսահամարներ, որպեսզի արտերկրից կարողանան կապի մեջ լինել:

Սակայն այս աշխատանքային այս կարգը աղմուկի պատճառ դարձավ, երբ հայտնի դարձավ պատգամավորներից մեկի անունն ու նրա հեռախոսային խոսակցության գինը։ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչությունն ավարտել է գործի ուսումնասիրությունը, որոշումը կայացված է:

Հերմինե Նաղդալյանի 2 միլիոն դրամի հարցն աստիճանաբար հանգուցալուծվում է: Եթե ավելի հստակ լինենք, ապա տվյալ 2 միլիոնը Հերմինե Նաղդալյանինը չէ, նրանը՝ նշած չափով կուտակած պարտքն է, իսկ պատասխանատուն՝ ԱԺ-ն: Այս տարվա մայիս ամսվա ընթացքում Հերմինե Նաղդալյանի խոսակցությունների համար մոտ 2 միլիոն դրամ  է վճարվել «ՄՏՍ Հայաստան» ընկերությանը:

Ասում են՝ այդ գումարի շրջանակներում տիկին Նաղդալյանը, ի թիվս աշխատանքային խոսակցությունների, զրուցել էր նաեւ Չինաստանում գտնվող իր որդու հետ: Ամեն ինչ, սակայն, միայն ասեկոսեների մակարդակով չէ: Այս հարցերին պատասխանելու առիթ է ունեցել նաեւ անձամբ ինքը՝ Հերմինե Նաղդալյանը:

Խնդիրը հարցեր առաջացրեց ինչպես խորհրդարանի ներսում, այնպես էլ՝ ընտրողների մոտ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը կրկին ալեկոծվեց փաստից: Գագիկ Բալասանյանը պարզապես հարցնում է.

«Այդքան «թյուրիմացություններ» միթե՞ մտահոգվելու տեղիք չեն տալիս»:

Վաչագան Հակոբյանը պահանջատիրոջ դիրքերից է հանդես գալիս.

«Քաղաքակիրթ աշխարհում ծառայողական հեռախոսով լիմիտից ավելի խոսելու, ծառայողական մեքենայով дача մեկնելու եւ այլ պաշտոնեական չարաշահումների համար  անմիջապես աշխատանքից ազատվում են»։

Հասկանալի է, որ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի դեպքում պետք է գտնվեն այլ լուծումներ: Ասենք, տարբեր կառույցների՝ օրենքով սահմանված արտաբյուջետային ֆոնդերը թույլ են տալիս նմանատիպ եւ այլ հարցեր լուծել ներքին կարգով, առանց աղմուկի: Բայց այս համակարգի դեմ արդեն «պատերազմ» է հայտարարվում խորհրդարանում:

Պատգամավոր Վարդան Բոստանջյանը, ի դեպ, իր մեղքն ունի «արտաբյուջետային ֆոնդերի» ձեւավորման հարցում եւ այսօր պարզապես խոսելու եւ հայտարարություններ անելու նրա ոճը չի հասկանում նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

Այսպիսով՝ ֆոնդերը պահպանվում են, իսկ Հորմինե Նաղդալյանի գործով ուսումնասիրությունն ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչությունում ավարտվել է: Տիկին Նաղդալյանի համաձայնությամբ՝ ուսումնասիրվել են հեռախոսազանգերի վերծանումները:

2017-ի մայիսին Հերմինե Նաղդալյանը դեռեւս ԱԺ փոխնախագահ էր եւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար: Ուսումնասիրությամբ պարզվել եւ հաստատվել են հենց տիկին Նաղդալյանի պնդումները, թե վարձավճարի խնդիրներն առաջացել են հեռախոսի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով:

Սակայն, խորհրդարանում որոշել են, որ հատկացված ծառայողական բջջային հեռախոսահամարը փոխանցվում է Հերմինե Նաղդալյանին, ինչը նշանակում է, որ այսուհետ ծախսերը վճարելու է պատգամավորն անձամբ, սեփական միջոցների հաշվին:

Կարդացեք նաև

Back to top button