
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ
ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական
գործ՝ ֆիզիկական անձի կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու և
պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպքի առթիվ:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների
հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչությունում
նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ֆիզիկական անձ
Գ. Հ.-ն 2014-2017թթ. ընթացքում իր և ևս երկու այլ անձանց անվամբ Հայաստանի
Հանրապետություն է ներմուծել ընդհանուր 34 758 100 ՀՀ դրամ մաքսային
արժեքով բջջային հեռախոսներ, դյուրակիր համակարգիչներ և պլանշետներ, որոնք
առանց պետական գրանցման և օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններում
հաշվառվելու, շահույթ ստանալու նպատակով, վաճառել է՝ իրականացնելով ապօրինի
ձեռնարկատիրություն:
Նախնական հաշվարկով նշված ամբողջ խմբաքանակն իրացնելու և ապօրինի
ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հետևանքով պետությանը պատճառվել
է առանձնապես խոշոր չափի վնաս:
Հաշվի առնելով, որ ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ
առերևույթ առկա են պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով
զուգորդված ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանցագործության
հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական
գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում
ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:




