Քաղաքական

Ղարաբաղյան ճակատում Ռուսաստանն ակտիվանում է


Ղարաբաղյան խնդրում վերջին օրերին ակտիվություն է արձանագրվում փոխայցերն ու զուգահեռ տարածվող տեղեկությունները ակտիվացնում են նաև հետաքրքրությունը:

Նախ խոսակցություններ տարածվեցին, թե Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագրում ղարաբաղյան խնդրին առնչվող կետ է լինելու, վերջին մի քանի օրվա ընթացքում էլ ակտիվ շրջանառվում է Լավրովի կողմից նոր առաջարկների ներկայացումը:

Այսօր նշված մտահոգություններին անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր բրազիլացի պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

 

Երեք օրից Երևան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Սպասվող այցն ակտիվորեն քննարկվում է փորձագիտական շրջանակներում, հատկապես՝ ռուսական։  Մասնավորապես նշվում է, որ Լավրովը գալիս է Երևան ու Բաքու ղարաբաղյան խնդրով նոր առաջարկներ կազմած:

Որքանո՞վ են հիմնավոր այս կարծիքները: Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյան.

«Հեծանիվ հնարելը դժվար է այս գործընթացում: Այս տարիների ընթացքում բազմաթիվ փաստաթղթեր են քննարկվել, բայց իրականության մեջ հենքը այս բանակցությունների նույնն է մնում, որի մասին մենք բազմիցս ասել ենք: Եթե Բաքուն աչալուրջ լինի այն կոչերին, որ ներկայացնում է միջազգային հանրությունը, համանախագահները, ապա առավել հնարավորություններ կբացվեն գործընթացն առաջ տանելու համար, և արդյունք կունենանք»:

Ռուսական «Կոմերսանտն» անդրադառնալով Լավրովի տարածաշրջան այցին փորձում է հասկանալ, թե ինչ առաջարկներ կան այսօր բանակցային սեղանին։ Ըստ այդմ՝ պարբերականը գրում  է, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ընթացիկ առաջարկները դա փաստացի Մադրիդյան սկզբունքների արդիականացված տարբերակն է։

Սկզբունքների հիմքում են ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշումը, որոնց վրա էլ հիմնված են կարգավորման 6 տարրեր՝ ԼՂ հարակից տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանի և  Լեռնային Ղարաբաղի միջև միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավական պարտադիր կամարտահայտման միջոցով, փախստականների վերադարձ, խաղաղապահ ուժերի տեղակայում՝ հիշեցնում են ռուս վերլուծաբանները։ Անդրադառնալով Բաքվի որդեգրած կեցվածքին ու խաղաղ կարգավորման հասնելու ջանքերին՝ նախարար Նալբանդյանը  մի  հստակեցում արեց.

«8-9 տարի քննարկվում են հիմնարար սկզբունքները, հետո Բաքուն կանգնում ասում է հիմնարար սկզբունքներ պետք չէ քննարկել: Այնպես որ՝ թող գառնուկ չձևանան»:

Իսկ Մամեդյարովի հայտարարությունը, թե պետք է ինտենսիվացնել ղարաբաղյան խնդրով բանակցությունները, և լուծել այս հակամարտությունը, իրականության հետ կապ չունի՝ ասում է Էդվարդ Նալբանդյանը: Նրա հստակեցմամբ Երևանը կողմ է կարգավորման նպատակով ինտենսիվ բանակցություններին:

Վիեննայում դեկտեմբերի 6-7-ը տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, իսկ մինչ այդ՝  առջևում ԱլԳԾ-ով Բրյուսելում սպասվող գագաթաժողովն է, ուր վերջնական հռչակագրում կարծիքներ կան, որ կներառվի նաև ղարաբաղյան խնդրին նվիրված դրույթ:

 

Նախարար Նալբանդյանը ղարաբաղյան խնդրին մասին այսօր խոսեց իր բրազիլացիա պաշտոնակից հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ալոիզիո Նունես Ֆերեիրան ասում է, որ Բրազիլիան խաղաղասեր է և կողմ է միջազգային իրավունքի շրջանակներում խնդրի լուծմանը:

Հարցը պետք է լուծվի ՄԽ-ի շրջանակներում, պետք է պահպանվի զինադադարը՝ վերջնական կարգավորման հասնելու համար՝ շեշտում է բրազիլացի նախարարը:

Կարդացեք նաև

Back to top button