Վերլուծական

Ռուսաստանն ակտիվացնում է ջանքերը. Լավրովը ժամանում է տարածաշրջան

Գաղտնիք չէ, որ Մոսկվան հետխորհրդային երկրները դիտարկում է, որպես իր ազդեցության գոտիներ։ Ղարաբաղյան խնդրում դա առավել քան զգացվում է: Թեև ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները երեք գերտերությունների ներկայացուցիչներh են, սակայն Ռուսաստանը պարբերաբար առաջնորդություն է դրսևորում: Դա ակնհայտ է վերջերս արձանագրվող ու առաջիկայում սպասվող այցերի համատեքստում:

Նախ` Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվեց ղարաբաղյան խնդիրը, հետո Հայաստանի ԱԳ նախարարն այցելեց Մոսկվա՝ հանդիպելու միջնորդներին, այնուհետև Ադրբեջանի ԱԳ նախարարը գնաց այդ երկիր։ Այդ ժամանակ Հայաստանի նախագահն էր Մոսկվայում, իհարկե՝ այլ օրակարգով, նոյեմբերի 20-ից 21 Երևան ու Բաքուն կժամանի ՌԴ ԱԳ նախարարը, ու որոշ փորձագետներ անգամ խոսում են նրա մասին, որ Լավրովը տարածաշրջան է ժամանելու ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր առաջարկներով:

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր հստակեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման առաջնահերթություն է Ռուսաստանի համար: Մենք ընդհանուր կյանք, ճակատագիր ենք ունեցել ոչ միայն տասնամյակներ, այլև դարեր շարունակ: Այդ պատճառով մեզ համար Լեռնային Ղարաբաղի թեման առաջնահերթություն է՝  ասել է նա:

«Լավրովն Ադրբեջան իր այցի ընթացքում կքննարկի երկկողմ հարաբերությունները: Հանդիպմանը սպասվում է կարծիքների փոխանակում երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային օրակարգի հարցերի վերաբերյալ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Այնուհետև նոյեմբերի 20-21-ին ՌԴ արտգործնախարարը պաշտոնական այցով կայցելի Երևան, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և հանդիպումը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Երկկողմ բանակցությունների օրակարգը ներառում է երկու երկրների միջև համագործակցության լայն համալիրը, ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի գծով արտաքին քաղաքական փոխգործակցությանն առնչվող հարցերը, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և այլ միջազգային հարթակների շրջանակներում դիրքորոշումների համակարգումը, նշել է Զախարովան:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության խնդիրը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:

Որքանով է հավանական, որ ԱՄՆ-ն հետ կանչի իր համանախագահներին և դրա հետևանքով Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն լինի, ինչի մասին ակնարկել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: Մարիա Զախարովան այց սցենարը  տեսականորեն տրամաբանական է համարել:

Եթե մի համանախագահ պակասի, ձևաչափը կփոխվի, ասել է Զախարովան՝ հորդորելով հարցն ուղղել ԱՄՆ-ներին:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Լավրովի հնարավոր նոր առաջարկների մասին հարցին ի պատասխան այսօր լրագրողների պարզաբանել է, որ կա իհարկե որոշակի ակտիվություն ՌԴ-ի ու համանախագահների կողմից, սակայն առաջընթացի համար պետք է նաև կատարվեն պայմանավորվածությունները.

«Որպեսզի լինի կարգավորում՝ պետք է կողմերի միջև լինի վստահություն, իսկ դա նշանակում է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարում»:

Իսկ համանախագահների ակտիվությունը պայմանավորված է իրավիճակի, մեղմ ասած, անորոշությամբ:

«Արդեն մի քանի տարի է ոչ միայն չկա առաջընթաց այլև պայթյունավտանգ է: Երեք երկրները ՄԱԿի ԱԽանդամներ են և իրենց ձեռնտու չէ, որ սկսվեն ռազմական գործողությունները»:

Լավրովի առաջարկներ չկան՝ ասել  ԱԳ փոխնախարարը։ Նույն կարծիքին է նաև արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Նա անհիմն է համարում լավրովյան նոր առաջարկների մասին կրկին ակտիվացող խոսակցությունները, անտեղի է համարում նաև Թուրքիայի կողմից  ղարաբաղյան խնդրում միջնորդական նկրտումները։ Դա Անկարայի վարդագույն  երազանքն է, որը չի իրականանա՝ շեշտում է:

Այս հայտարարությանը, սակայն, հաջորդեց Լավրովի հստակեցումը, որ ձևաչափի փոփոխություն ղարաբաղյան խնդրում չի լինելու: Մինչ Մոսկվան ղարաբաղյան քննարկումների առանցքում փոխայցեր է կազմակերպում, Բրյուսելում նոյեմբերի 24- ին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ Եվրախորհրդարանը հանձնարարական է տալիս ԵՄ խորհրդին, եվրահանձնաժողովին եւ անվտանգության ու արտաքին գործերի ծառայությանը։

Երեկ ընդունած բանաձեւում՝ եվրախորհրդարանականները անդրադարձել են ղարաբաղյան խնդրին։ Նրանք կոչ են արել «անհապաղ դադարեցնել ռազմական թշնամանքը հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ, որը խլում է քաղաքացիական եւ զինվորական անձանց կյանքեր, ինչպես նաեւ խոչընդոտում է սոցիալ- տնտեսական զարգացմանը»։

Եվրախորհրդարանը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են լուծելու ղարաբաղյան խնդիրը, ինչպես նաեւ խնդրի կարգավորման 2009 թվականի հիմնարար սկզբունքներին, որոնք ներառում են տարածքային ամբողջականությունը, ինքնորոշումը եւ ուժի չկիրառումը։

Եվրոպացի խորհրդարանականները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են արել նաեւ «բարի կամքի դրսեւորմամբ վերսկսել բանակցությունները», քանի որ խնդիրը ուժային լուծում չունի։

Կարդացեք նաև

Back to top button